«Միտումներ կան, որ այդ բալանսը, ստեղծված պոստֆակտում իրավիճակը կարող է փոխվել». Արմեն Գևորգյան
«Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նշեց՝ 44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կոնֆիգուրացիան, այլև մեկնարկը տվեց ավելի գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների:
«Այդ փոփոխությունները, զարգացումները տարիներ շարունակ տարբեր կենտրոններում ձևավորվում էին, և հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից հետո դրանք բացահայտվեցին և սկսեցին այսօր գալ օրակարգ,- մանրամասնեց Արմեն Գևորգյանը, ապա անդրադառնալով քննարկման խորագրին՝ շեշտեց,- Մենք դեռևս չենք հայտնվել, իմ կարծիքով, կիզակետում՝ այն պարզ պատճառով, որ ինչպես ասում են՝ հողի վրա դեռևս իրավիճակն այլ է: Այսօր եկեք ռեալ նայենք. այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունում տեղի բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, այսօր ՀՀ-ում, համենայն դեպս, դեռևս որոշիչ դերակատարում ունի Ռուսաստանը՝ բոոր առումներով՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական: Պարզապես միտումներ կան, որ այդ բալանսը, պոստֆակտում իրավիճակը կարող է փոխվել: Փոխվում է ոչ թե նորից կապված մեզ հետ, այլ աշխարհում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված»:
Ըստ պատգամավորի՝ ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում է դժվարացել վերլուծել գործընթացները, առաջարկություններով հանդես գալ, որովհետև բոլոր զարգացումները գնում են անկառավարելի ճանապարհով:
«Որևէ հիմնարար փաստաթուղթ, կամ հիմնարար սկզբունք, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերտերություններով ինչ-որ ձևով ի մի էին բերել և որպես կոմպրոմիս ձևավորվել էին, դրանք արդեն չեն աշխատում. դրանք արդեն տեղայնացված են, լոկալ բնույթ են կրում»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում