Բաժիններ՝

Մուսուլմանական գլխաշորի թեմայով սոցհարցումներ՝ Թուրքիայում

«BUPAR» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը սոցհարցումների միջոցով փորձել է պարզել մուսուլմանական գլխաշորի (հիջաբ) օրենքի նախագծի վերաբերյալ Թուրքիայի քաղաքացիների դիրքորոշումը, ինչպես նաև նրանց նախընտրական հակումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիջաբի օրինագիծը հեղինակել և ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP):

Օրերս ԺՀԿ-ն Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ «Կանայք չպետք է ենթարկվեն որևէ հարկադրանքի իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում հագուստի և արտաքին տեսքի պատճառով»։

«BUPAR»-ի սոցհարցումներն իրականացվել են հոկտեմբերի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1500 քաղաքացի։

«ԺՀԿ»-ն ինչու՞ է գլխաշորի թեմայով օրենքի նախագիծ կազմել» հարցին տրվել են հետևյալ պատասխանները.

– Որպեսզի հարցը չօգտագործվի «ԱԶԿ»-ի ձեռքում որպես քաղաքական գործիք (39․8%):

– Այսպես, թե անպես դա արգելք չէ։ Առօրյա կյանքում օրինական հենք ունենալու համար է (35․5%):

– Պահպանողական ընտրազանգվածից ձայներ կորզելու համար է (13․9%):

Իսկ «Գլխաշորի վերաբերյալ օրնեքի նախագիծն արդյո՞ք ձայներ կբերի «ԺՀԿ-ին»» հարցին տրվել են այսպիսի պատասխաններ՝

54․6%-ը՝ «այո»,
43․6%-ը՝ «ոչ»,
1․8%-ը՝ «չգիտեմ»։

Եթե 2023-ի նախագահական ընտրություններում միայն երկու թեկնածու լինի, և նրանցից մեկը լինի ներկայիս նախագահը, ու՞մ օգտին կքվեարկեք։ Այս հարցին ընտրողների 33.7%-ը պատասխանել է, որ անպայման կքվեարկի Էրդողանի օգտին, 46.5%-ը՝ կքվեարկի Էրդողանի հակառակորդի օգտին, իսկ 19.8%-ը նշել է, որ նայած թե ով կլինի թեկնածուն և ինչպիսի խոստումներ կտա։

Վերջում տրված այն հարցին, թե «Արդյո՞ք երջանիկ եք զգում Ձեզ», մասնակիցների միայն 9․5%-ն է պատասխանել «այո», 67․7%-ը՝ «ոչ», իսկ 22․8%-ը պատասխանել է, որ իրեն հազվադեպ է երջանիկ զգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս