«Մենք դեռևս պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, գլխավոր դերակատարը նա է». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ 3-4 օր է՝ Արցախի պատվիրակությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանում է։
«Արցախյան պատվիրությունը տարբեր հանդիպումներ է ունենում, երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր՝ ԱԺ նախագահի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Այսինքն՝ հանդիպելու ենք բոլոր այն պաշտոնյաների հետ, որոնք ներգրավված են և՛ բանակցություններում, և, կարելի է ասել՝ Արցախի ճակատագրի հարցում մեծ մասնակցություն ունեն։ Իսկ եթե Արցախի ճակատագիրն է, ապա, բնականաբար, բուն հայ ժողովրդի ճակատագիրն է նաև»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Հայաստան են եկել պաշտոնյաների հետ անկեղծ քննարկում ունենալու համար, քանի որ այսօր ողջ հայությունը, Արցախը գտնվում են յուրահատուկ իրավիճակում, առերեսվում են իսկապես գոյաբանական մարտահրավերների հետ։
«Շատ կարևոր է, որպեսզի մենք հիմա ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և ներկայացնենք մեր տեսակետը։ Բացի դրանից, տեղեկանանք նաև տարբեր գործընթացների մասին, լինի բանակցային գործընթաց, խորհրդարանական դիվանագիտություն և այլն։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք կայուն կապ, այդ թվում՝ տարբեր կառույցների մակարդակով։
Քննարկել ենք ազնիվ ձևով ամենաբարդ հարցերը, մեզ համար շատ կարևոր է այն, որ Արցախի պարագայում ունենք հստակ դիրքորոշում»,- հավելեց Արցախի ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, լրագրողների հարցին՝ արդյո՞ք այս հարցի վերաբերյալ ՀՀ ղեկավարության հետ քննարկում ունեցել են, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ պարզաբանումներ եղան և լինելու են, քանի որ հանդիպումները շարունակվում են։
«Մենք այստեղ անկեղծ ենք, հեռու քաղաքական մանիպուլյացիաներից, որովհետև այստեղ ազգի ճակատագիրն է որոշվում՝ մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները բարելավեն։ Սակայն Արցախի և, կարծում եմ՝ ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այս երկու հանդիպումներին եղան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում թողնելու Արցախը կամ ճանաչել Ադրբեջանի մաս։ Հիմա մենք պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք։ Մենք դեռևս պետք է հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ, գլխավոր դերակատարը նա է, մենք մեր կարծիքը հայտնել ենք՝ ցանկացած փորձ, Արցախն Ադրբեջանի կազմում խցկելը բերելու է երկու տարբերակի՝ կա՛մ պատերազմի, արյունահեղության ու ցեղասպանության, կա՛մ Արցախը հայաթափվելու է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ եթե Հայաստանում ասում են, որ չեն պատրաստվում թողնել Արցախը, ի՞նչ են անելու, Դավիթ Բաբայանն առաջարկեց հարցը ճշտել ՀՀ համապատասխան մարմիններից։
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանն ունի իր հստակ դիրքն ու քաղաքականությունը, որը երբեք չի փոխելու։