Բաժիններ՝

Յուրաքանչյուր վարչական շրջան կունենա ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություն, որը կզբաղվի փոսային նորոգումներով, գծանշումներով

Երևանը պատրաստվում է 2024 թվականից անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Այսինքն, յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություն, որը տարին 12 ամիս զբաղվելու է փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների պահպանմամբ և սպասարկմամբ: Աշխատանքների համակարգումը իրականացնելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը:

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև 2024 թվականը վերոնշյալ աշխատանքներն անցկացվելու են մրցույթով:

Հետաքրքրվեցինք՝ սա ենթադրո՞ւմ է նոր աշխատատեղեր, արդյո՞ք նոր ընկերություններ են ստեղծվելու, ինչպե՞ս է ընտրությունը կատարվելու, ասպիսով կխուսափե՞նք ամեն տարի փոս լցնելուց ու գծանշումներից։ Ի պատասխան՝ նա ասաց․

«Աշխատանքների փաթեթն ըստ 12 վարչական շրջանի ներկայացվելու է մրցույթի՝ ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն: Մասնակցող մասնավոր Ճանշին ընկերություններն են, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների սպասարկումն են իրականացնում: Իհարկե, կլինեն նոր ներկայացուցիչներ, որոնք կփորձեն իրենց բիզնեսը զարգացնել նաև այս ուղղությամբ: Ամեն տարի հստակ կունենանք կազմակերպություններ, որոնք իրենց աշխատանքը հստակ կպատկերացնեն առաջիկա 3 կամ 5 տարվա համար: Սրանով կխուսափենք ծավալով արվող աշխատանքներից, ճանապարհների պահպանման պատասխանատու կունենանք, ով կկարողանա ապահովել ճանապարհի անխափան երթը՝ ամբողջ տարվա համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս