Քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում մեր առաջարկները, աշխատանքային գործընթաց է, որն արդեն որոշակի ժամանակ մեկնարկել է. ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին, որոնց հիմքով պետք է մշակվի, ապա ստորագրվի «խաղաղության պայմանագիր»։

«Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք այդ առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները, այսինքն՝ աշխատանքային գործընթաց է, որն արդեն որոշակի ժամանակ մեկնարկել է»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը։

Ըստ փոխարտգործնախարարի, ՀՀ իշխանությունն արդեն հայտնել է, որ անընդունելի սկզբունքային կետեր չկան։

«Բնական է, այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները, և այս պահին էլ ընթանում է աշխատանքային գործընթաց։ Այդ կետերը հիմնականում նույնն են, այդ կետերի շուրջ ենք մենք բանակցում»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Նա հերքեց տարածված այն տեղեկությունը, թե Էրդողանը պահանջել է Հայոց ցեղասպանությունից հրաժարում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

«Նման պահանջներ չի ներկայացվել, երկու կողմերից հաստատվել է, որ գործընթացը տեղի է ունենալու առանց նախապայմանների, և այդ պայմանավորվածությունը պահպանվում է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Էրդողանի այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն «խաղաղության պայմանագիր», և միայն այդ պարագայում Թուրքիայի օդային ու երկաթուղային ճանապարհները կբացվեն, փախարտգործնախարարն ասաց, որ դա չի ներկայացվել՝ որպես նախապայման, այլ՝ որպես ավելի նպաստող գործընթաց։

«Զուտ երկու կողմերի հարաբերությունների կարգավորման կոնտեքստում որևէ նախապայման չի ներկայացվել, և կողմերը հաստատել են այդ մոտեցումը»,- նշեց Պ. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին, Պարույր Հովհաննիսյանը փոխանցեց, որ դեռ չեն քննարկել, թե կոնկրետ որտեղ պետք է տեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը։

«Այսօր Հայաստան կժամանի ԵՄ դիտորդական առաքելության տեխնիկական խումբը։ Կքննարկվի նաև տեղակայման հարցը և այն բոլոր չափանիշները, համաձայն որի՝ պետք է տեղակայվի ԵՄ փաստահավաք առաքելությունը։

Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որը եղավ սեպտեմբերին։

Մենք շարունակում ենք պահել առաջարկը և օգտագործել բանակցային գործընթացում՝ ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ, սրան միջազգային հանրությունը շատ դրական է վերաբերվում։ Հայտարարություններն անհրաժեշտ են, որպեսզի գործընթացն առաջ տանի։ Արևմուտքից ընդհանուր առաջարկներն այն է, որպեսզի աջակցեն երկու կողմերին գալ ընդհանուր հայտարարի»,- եզրափակեց Պարույր Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս