«Էդուարդ Աղաջանյանը ճիշտ է՝ ՔՊ-ն ռեսուրս չունի, որպեսզի նորմալ բանակցի՝ գոնե Հայաստանի շահի տեսանկյունից». Դավիթ Գալստյան

Արցախի Հանրապետության  ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մեկնաբանությամբ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր վերջին հայտարարությունն արցախահայության համար չի արել, նա այդ հայտարարությունը Հայստանում բնակվողների համար է արել՝ մանիպուլյացիայի նպատակով։

«Այդ հայտարարությունից օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե գումար ունեն, բայց իրենց որևէ մեկը զենք չի վաճառում, այսինքն՝ ժողովրդի ուշադրությունն էր շեղում, թե իբր Հայաստանը հնարավորություններ չունի։ Այսօր հայ ժողովուրդն ընկած է այդ մանիպուլյացիայի տակ, և ներկայիս ապիկար իշխանությանը թույլ է տալիս վախի մթնոլորտում կատարել այն, ինչ պարտադրում են նրանց թշնամի երկրների ղեկավարները։

Էդուարդ Աղաջանյանը և իր թիմը լավ կանեն իրենց քաղաքական թիմի ներսում կողմնորոշվեն, տեսնեն՝ այդ «հնարավորություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։ Նրանք մեկը մյուսին հակասելով, պահի թելադրանքով հանձնարարություններ են կատարում, որպեսզի ժողովրդին հստակ շեղեն իրականությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ անհրաժեշտ է ունենալ հայկական շահն առաջ տանող և այդ շահի համար բանակցող առաջնորդ։ Այս առումով, թերևս, Էդուարդ Աղաջանյանը ճիշտ է՝ լավ բանակցող առաջնորդ չկա։

Կարդացեք նաև

«Եթե Էդուարդ Աղաջանյանը նկատի ունի լավ բանակցողի բացակայության ռեսուրսը, ապա ճիշտ է՝ ՔՊ-ն ռեսուրս չունի, որպեսզի նորմալ բանակցի՝ գոնե Հայաստանի շահի տեսանկյունից։ Բանակցությունների սեղանին Հայաստանի իշխանությունները ոչ թե բանակցում են, այլ կատարում են մեր թշնամիների պահանջները։ Այո, եթե այս ամենը նկատի ունի Էդուարդ Աղաջանյանը, ապա ճիշտ է ասում, իրենք նման ռեսուրս չունեն»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար Հայաստանի Հանրապետությունը որևէ ռեսուրս չունի, և, որ միակ ռեսուրսը միջազգային հանրության ճնշումներն են։

Տեսանյութեր

Լրահոս