«Այս փաստաթղթով ևս Հայաստանը դուրս է բերվում միջազգային աճուրդի». Արտակ Զաքարյան

«Նիկոլը սրանով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ամբողջությամբ «գցում է Լևոն Տեր-Պետրոսյանի գրպանը»,- ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այսպես է արձագանքում հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությանը:

Արտակ Զաքարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա Աթայի հռչակագրին միանալու պահի դրությամբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք՝ Պրահայի հանդիպումից հետո հրապարակվել էր հայտարարության հետևյալ տեքստը. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով՝ սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Կարդացեք նաև

«Սահմանազատման հարցն էլ, ըստ էության, ֆիքսում են 1991 թվականի դրությամբ գոյություն ունեցած սահմանների առկայությունը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն որոշ տարածքներ պետք է վերադարձնի Ադրբեջանին:

Հոկտեմբերի 6-ի այս քառակողմ հանդիպման համատեղ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա այս պահին օկուպացված ՀՀ տարածքների մասին: ԵՄ-ն վերցնում է նախաձեռնությունը, ըստ այս հայտարարության, և փորձում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այսինքն՝ նաև հայ-արդբեջանական կարգավորման գործընթացից»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այս փաստաթղթով ևս ՀՀ-ն դուրս է բերվում միջազգային աճուրդի՝ այնպես, կարծես այստեղ ՀՀ քաղաքացիները չկան:

«Այս փաստաթուղթը, եթե այս նույն տրամաբանության մեջ շարունակվեց, արդեն նոր պատերազմական ռիսկերի ավելի իրական, ավելի լայն, մասշտաբային, ծանր հետևանքներով ռազմական բախումների է տանելու: Սա է Նիկոլի խաղաղության օրակարգը»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը՝ նկատելով, որ իրավիճակից ելքեր և լուծումները կան, բայց դրանք սկսում են այս իշխանություններին հեռացնելուց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս