Բաժիններ՝

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի անցկացման օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Մրցաշարին կարող եք հայտագրվել ինչպես օնլայն՝ փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, այնպես էլ առձեռն՝ դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչ այդ ուղարկած հայտերը ևս ուժի մեջ են:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով.

1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ),

2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ (10 կմ),

3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ (10 կմ),

աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով (10 կմ):

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվելու են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով:

Դրամական մրցանակները 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին, հետևյալն են.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս