Ղարաբաղն ու Բաքուն կարող են համաձայնել Սան Մարինոյի կարգավիճակի շուրջ. Տարասով
«Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունները սովորական դիվանագիտական գործընթաց են, բեկումնային ոչինչ տեղի չի ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ և երկկողմ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումներին և դրանց արդյունքներին:
Տարասովը նշեց, որ հայկական դիվանագիտությունը խաղում է երկու հարթակում՝ բրյուսելյան և մոսկովյան:
Ըստ նրա, բրյուսելյան տարբերակը ձեռնտու է թվում Երևանին, քանի որ այնտեղ այլ ձևաչափով դիտարկվում է ԼՂ կարգավիճակի հարցը՝ կա՛մ անկլավ Ադրբեջանի կազմում, կա՛մ միջազգային մանդատային տարածք, իսկ Ալիևն Անկարա-Մոսկվա-Բաքու եռանկյունում աշխատելու փոխարեն՝ իր էներգակիրների հարցն է լուծում, և Բրյուսել գնալով՝ որոշել է խաղալ եվրոպական դաշտում:
«Այդպիսի որոշում է կայացվել ադրբեջանական էներգակիրների պահանջարկի իրավիճակում: Իսկ Բրյուսելում արդեն կան որոշակի նոր կանոններ, որոնք անուղղակիորեն թելադրվում են Երևանից ու Փարիզից, որը հայամետ դիրքորոշում ունի: Բայց ելման դիրքերն այս ամենում անհասկանալի են, Ալիևը ասում է, որ մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիր են ստորագրելու, Երևանն ասում է՝ հինգ սկզբունքները ընդունելի են, Երևանը հայտարարում է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեխանիզմի ստեղծման մասին, սա Բաքուն չի մեկնաբանում, գործընթացում կան որոշ նոր նրբություններ, որոնց դեռ Բաքուն չի արձագանքել: Կարծում եմ՝ չի արձագանքում, քանի որ այս թեմայով բանակցություններ են ընթանում, ու Երևանը չի ստում, կարծում եմ՝ հրապարակային դաշտում Ադրբեջանը բարձր նշաձող է սահմանում, սակայն կուլիսներում ինչ-որ համաձայնությունների գնում է: Բայց այս հրապարակային դիրքորոշումներով համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում քիչ հավանական եմ համարում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:
Նա գտնում է, որ Բաքուն ու Երևանն ընդհանուր առմամբ գրեթե նույնական օրակարգով բանակցություններ են վարում Արևմուտքի և Մոսկվայի հետ:
«Հայերն ակնհայտորեն փորձում են ժամանակ ձգել, բայց ինչի՞ են սպասում՝ դա անհասկանալի է, և անհասկանալի է, թե որն է Արևմուտքի հետ երկարատև խաղերի բուն իմաստը: Եթե Ադրբեջանը գնա Ստեփանակերտի հետ կոնտակտների, դա կնշանակի Սան Մարինոյի սցենար, ինչպիսի՞ կառավարում է լինելու՝ լիովին ինքնուրո՞ւյն, թե՞ միասնական կառավարում, այսինքն՝ այստեղ երկուստեք որոշելու շատ հարցեր կան: Կստացվի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն ինքնուրույն անկլավի ձևով՝ իր սահմաններով, և այլն, և այլն: Երևանը կդառնա արտաքին խաղացող: Տրամաբանությունը հուշում է, որ սա Սան Մարինոյի սցենարն է, կարծես: Հայաստանը ցանկանում է, որ դա ունենա միջազգային երաշխիքներ, իսկ թե կոնկրետ կարգավիճակի մասով ի՞նչ է ցանկանում Մոսկվան, մենք դեռ չգիտենք»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Տարասովը նաև նկատեց, որ Փաշինյանն ու Ալիևը մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջոցառմանը:
«Պետք է նկատել, որ հայտնի չէ, թե այստեղ ինչ բանակցություններ կլինեն, հանդիպումներ կլինե՞ն Պուտինի հետ, թե՞ ինչ կլինի, այնուամենայնիվ, Պրահայից հետո մեկնել են Սանկտ Պետերբուրգ: Ուստի ես ընդհանուր առմամբ կասեի, որ սա սովորական բազմաքայլ դիվանագիտական կոմբինացիա է, քաղաքական բեմականացում՝ տարբեր սցենարներով, տարբեր գագաթնակետերով, տարբեր ելման դիրքերով ու ելքերով: Այս ամենում դեռ վերջնական որևէ արդյունք չի երևում: Գործընթացը գնում է, ու, ի դեպ, շատ քչերն են այն տեսնում իրականում այնպես, ինչպես կա: Երևանն ունի պահեստային սցենար Արևմուտքի տեսքով»,- ասաց Տարասովը:
Նա ընդգծեց, որ Մոսկվան գտնվում է գործընթացի բազային հիմքերի վրա:
«Երկրորդ՝ ցանկացած պահի խաղի մեջ է մտնելու Իրանը, Իրանին ամեն ինչ ու ամեն զարգացում չէ, որ ձեռնտու է: Առանց Իրանի համաձայնության՝ ԼՂ կարգավիճակի հարցը ևս շատ բարդ է լինելու լուծելը, Իրանը պետք է տա իր համաձայնությունը: Ես կասեի, որ ամեն ինչ գտնվում է օդից կախված իրավիճակում: Դրական գործոնն այն է, որ նրանք հանդիպում են ու ինչ-որ բան են պայմանավորվում, բայց գործընթացը երկարատև է։ Կարծում եմ, որ այն երկար ժամանակ է պահանջելու»,- ասաց Տարասովը: