ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՀԱՊԿ-ի կազմում մնալու ռիսկերը. Դետք

«Դետք»-ի հետ հարցազրույցում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՀԱՊԿ-ի կազմում մնալու ռիսկերի մասին իր մասնագիտական դատողություններն է ներկայացրել Հրաչյա Արզումանյանը:

Ըստ փորձագետի՝ պետք է հասկանալ ոչ թե այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում, այլ այն խնդիրները, որոնք ունենք՝ կառույցի կազմում մնալով. «ՀԱՊԿ-ից դուրս գալը, այո, պարունակում է տարբեր ռիսկեր, բայց մնալու դեպքում, իմ կարծիքով, ունենում ենք գոյաբանական ռիսկ: Այն, ինչ կատարվում է այսօր, պարզ է՝ հենց Ադրբեջանի խաղը չէ. վերջինս միայն գործիք է ռուս-թուրքական դաշինքի ձեռքում: Փաստորեն մենք կանգնած ենք էքզիստենցիալ սպառնալիքների առջև: Մնալով ՀԱՊԿ-ի կազմում՝ մենք ունենում ենք անհամեմատելի ավելի շատ ռիսկեր, հաշվի առնելով նաև Ռուսաստանի վարած անհաջողակ և աղետալի պատերազմն Ուկրաինայի դեմ: Իսկ դա Հայաստանի համար անընդունելի է»:

Հ. Արզումանյանը պնդում է՝ տարածաշրջանում խաղաղություն չկա, և պետք է հատկապես հաշվի առնել, որ Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, ավելին՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը նպատակ ունեն ոչնչացնելու հայկական ինքնիշխանությունը:

Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ փորձագետի, նոր դաշնակցային հարաբերություններ հաստատելն է:
«Պետք է խոսել նաև հնարավորությունների մասին, քանի որ մինչև դու քայլեր չես անում, չես փորձում ձևավորել ճիշտ քաղաքականություն և ռազմավարություն: Մենք պետք է քայլ անենք և փնտրենք նոր դաշնակիցներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը, ինչու չէ, նաև Ճապոնիան, Մերձավոր Արևելքի մասին պետք չէ մոռանալ: Պետք է հասկանալ, որ այն ժամանակները, երբ քայլում էինք Ռուսաստանի հետ, արդեն անցել են, պետք է փորձել նոր հնարավորություններ. կամ սա ընդունում ենք և շարժվում առաջ, կամ փակում ենք մեր պատմության վերջին էջը:

Պետք է սկսենք կառուցել նոր Հայաստան 21-րդ դարի համար: Իսկ երիտասարդները պետք է կատարելագործվեն՝ որպես մասնագետներ, փորձեն դառնալ ավելի լավը, քանի որ նոր ստեղծվող իրավիճակում Հայաստանն ունենալու է բանիմաց մասնագետների կարիք»,- եզրափակում է Հ. Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս