Այն ամբողջությամբ փոխելու է մարդու ապրելակերպը․ Համբարձում Մաթևոսյան
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու գործին։ Այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի ընթացքում։
«Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ, որոնք դուրս են գալիս ավանդական զարգացման խողովակներից։ 2021-2025 թվականների Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրում իր տեղն ունի տնտեսության թվայնացման գործընթացը։ Այս տարի գլոբալ նորարարական ֆորումը տեղի է ունենում երկրի համար բարդ պայմաններում, որն ապացուցում է, որ Հայաստանը հանձնառու է բացահայտել նոր տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները, որն օգտագործվելու է ի շահ ժողովրդի բարեկեցությանը։ Մենք հասկանում ենք բարձր տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության կարևորությունը բազմաթիվ ոլորտներում»,- նշեց Մաթևոսյանը։
Փոխվարչապետի համոզմամբ՝ արհեստական բանականությունը 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է, որը հինգերորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական մղիչ ուժն է։ Այն ամբողջությամբ փոխելու է մարդու ապրելակերպը։ Փոխվարչապետի խոսքով՝ տեխնոլոգիան ներթափանցել է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ էապես ավելացնելով նորարարության և ստեղծարարության հնարավորությունները Հայաստանի համար։
«Հայաստանն, ունենալով մարդկային ռեսուրսներ, օգտվում է թվային դարաշրջանի հնարավորություններից, բայց դա պետք է արվի արդյունավետ կերպով։ Մենք պետք է ձևավորենք ընդհանուր ընկալում, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում համաշխարհային տնտեսության կառուցվածքը։ Պետք է ապահովենք համագործակցություն մարդկանց և տեխնոլոգիաների միջև։ Առաջընթացը բերում է հնարավորություններ, բայց նաև վտանգներ։ Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է ակնկալենք նաև մարտահրավերներ, կարողանանք կառավարել դրանք։ Ես վստահ եմ, որ ֆորումը կօգնի մեզ հասկանալ այն ռիսկերն ու հնարավորությունները, որոնք տալիս է արհեստական բանականությունը։ Հայաստանի կառավարությունը մնում է հավատարիմ՝ բոլոր գործընկերների հետ նորարարությունը խթանելու և բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ձևավորելու գործին»,- նշեց նա։
Հայաստանում հոկտեմբերի 5-6-ը տեղի է ունենում Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22), որը Հայաստանում է համախմբել խոսնակների՝ միջազգային տեխնոլոգիական ընկերություններից, ֆինանսական կառույցներից ու գիտահետազոտական կենտրոններից։ Առիթը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպվող ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումն է։ Այն Հայաստանում հիմնադրված միջազգային հարթակ է, որը նպատակ ունի երկրին բերել համաշխարհային հռչակ ու հեղինակություն։ Տարբեր ձևաչափեր միավորող երկօրյա միջոցառումն անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։
Այս տարի ևս միջոցառման ընթացքում կկիրառվեն տարբեր ձևաչափեր։ Ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում կլինի Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի ֆորումի մասնակից:
Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որը հնարավոր դարձավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համագործակցությամբ։ Հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև շփման կարևոր այս հարթակը վերանվանվեց Գլոբալ ինովացիոն ֆորում արդեն 2018-ին և հաջողությամբ անցկացվեց նաև 2019-ին։ Հաջորդ տարիներին, համաշխարհային համավարակով և սահմանափակումներով պայմանավորված, GIF-ը դադար վերցրեց։ 2022-ին այն չորրորդ անգամ մեկնարկում է ամենամյա խոշոր միջազգային միջոցառում դառնալու հավակնությամբ։