«Եթե ինքը որոշել է, որ կարող է Աննա Հակոբյանին թևանցուկ կանգնի, իր գործն է, բայց դա իրեն թույլ չի տալիս պայքարող ծնողներին անվանի ծախված». Զոհվածի մայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Ազատ Մաջարյանի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Եռաբլուրում կարմիր բերետավորների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին՝ շեշտադրումով, թե «շատ ճիշտ են արել կարմիր բերետավորները»:
Տիկին Նարինեն, սակայն, այս ամենով չէր բավարարվել և վստահեցրել էր, թե Եռաբլուրում գիշերներ լուսացնող ծնողներն այնտեղ են «գումարի» համար:
«Ո՞վ չգիտի՝ մեկ օր առաջ թուրք քոչոն նիստ է արել ու փող բաժանել գոռալու համար, հագուստ ճղելու համար, գետնին ընկնելու, թպրտալու համար»,- մյուս զոհված զինծառայողների ծնողներին անդրադառնալով՝ ասել է զոհվածի մայրը:
Սակայն սա էլ դեռ ամենը չէ. տեղն ու տեղը վրա է հասել իշխանական լրատվամիջոցներից մեկը և Նարինե Գրիգորյանի հետ տեսանյութ է պատրաստել, որտեղ նա շարունակում է նմանատիպ հայտարարություններ հնչեցնել:
Այս ամենը հունից հանել է Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից բիրտ ուժի հանդիպած ծնողներին:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան բերման էին ենթարկել «Եռաբլուր»-ից՝ ոլորելով նրանց թևերը, քաշքշելով: Զոհված զինծառայողների ծնողներին բիրտ ուժի գործադրմամբ ուժով խցկում էին ոստիկանական մեքենաներ։
Կարմիր բերետավորները ճանապարհ էին բացում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար, որոնք գալիս էին հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Զոհերի հարազատները գիշերվանից էին «Եռաբլուրում», որ արգելեին Փաշինյանին հասնել իրենց որդիների շիրիմներին։
Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը, կարծում է, որ սա իշխանությունների հերթական քայլն է՝ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մեջ սադրանքներ հրահրելու համար:
«Փորձում են վարկաբեկել այն մայրերին, որոնք շատ հայրերից լավ կանգնել էին և չէին ուզում, որ սրբապիղծները մոտենան իրենց որդիների շիրիմներին,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արա Ռոստոմյանը, ապա մեջբերելով հրապարակման այն հատվածը, որտեղ իրենց մեղադրում են «ծախվելու» մեջ, հավելեց,- Երևի ամբողջ կյանքներն իրենք հենց 5000 դրամանոցներ են եղել: Ես նաև միտումն եմ հասկանում, թե ինչու են փորձում մյուս ծնողներին մեր դեմ հանել, որովհետև իրենք վախենում են մեզանից, որովհետև մենք երբեք որևէ մեկի հետ չենք գնացել որևէ պայմանավորվածության: Իշխանությունները մեզ բազմիցս փորձել են ներքաշել կեղտոտ խաղի մեջ, և բավականին առաջարկություններ ենք ստացել իրենցից. ամեն ինչից հրաժարվել ենք»:
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, որի ձեռքերը սեպտեմբերի 21-ին վնասվել էին կարմիր բերետավորների կիրառած բիրտ ուժից, անդրադառնալով Նարինե Գրիգորյանի գրառմանը՝ ասաց.
«Իրեն մայր ասեմ-չասեմ՝ չգիտեմ: Նախևառաջ, իր էջում ինքը գրել է, թե ծախված են ծնողները, թե իբր մենք հանդիպել ենք Քոչարյանի հետ և այլն, այդ ամենն ասելուց առաջ մարդ պետք է ապացույցներ ունեն, հակառակ դեպքում՝ ինքն ուղղակի պատասխանատվության է ենթարկվելու: Ինքը դրա համար մեզ պետք է պատասխան տա. ու այնպես չէ, որ ամեն ինչն անցնելու է գնա. մեկը ես՝ հետևողական եմ լինելու:
Պայքարող ծնողներով որոշել ենք՝ ովքեր մեր հասցեին իրենց կեղտոտ բերանն այսպես կբացեն, այդ ամեն ինչն ուղղակի հենց այնպես չի անցնելու. տվյալ մարդն անպայման պատասխանատվության է ենթարկվելու»:
Զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանն էլ նշում է, որ թեև չի ճանաչում Նարինե Գրիգորյանին, սակայն ֆեյսբուքյան հարթակից տեղեկացել է, որ Աննա Հակոբյանի հետ ջերմ լուսանկարներ ունի տարբեր միջոցառումներից:
«Ուզում ենք ինքն ու իր նորընծա ամուսինը պաատասխանեն իրենց բառերի համար: Եթե ինքը որոշել է, որ կարող է Աննա Հակոբյանին թևանցուկ անի ու իր տղայի նկարների կողքին կանգնի, դա իր գործն է, բայց դա իրեն թույլ չի տալիս, որ ինքը պայքարող ծնողներին անվանի ծախված»,- հավելեց զոհվածի մայրը: