Ճապոնիայի վարչապետի ավագ որդին դարձել է քաղաքական հարցերով նրա քարտուղարը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր ավագ որդուն՝ Սյոտարոյին, նշանակել է քարտուղար, որը պատասխանատու է քաղաքական հարցերի համար. համապատասխան որոշումը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

Մինչեւ ներկա ժամանակներս Սյոտարո Կիսիդան որպես քարտուղար աշխատել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի վարչակազմում: Իսկ այժմ նա կդառնա վարչապետի 8 անձնական քարտուղարից մեկը: Ճապոնական ԶԼՄ-ների կարծիքով, այս քայլը կարող է վկայել այն մասին, որ Ֆումիո Կիսիդան ավագ որդուն դիտում է որպես իրեն հնարավոր փոխարինողն ապագայում:

«Հաշվի առնելով անձնական որակները եւ կարողությունները՝ ընդունվել է որոշում, որը հիմնվում է «ճիշտ մարդուն ճիշտ տեղում դնելու» գաղափարի վրա»,- նշանակումը մեկնաբանել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը:

Սյոտարո Կիսիդան 31 տարեկան է: Համալսարանն ավարտելուց հետո Ճապոնիայի կառավարության գործող ղեկավարի որդին աշխատանքն սկսել է Mitsui & Co ընկերությունում: 2020 թվականի մարտից որպես քարտուղար է սկսել աշխատել իր հոր գրասենյակում:

Ֆումիո Կիսիդային Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ երկրի վարչապետ ընտրելուց հետո 2021 թվականին Սյոտարոն նույնպես տեղափոխվել է վարչապետի պաշտոնական նստավայր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս