ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու մասին նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձավճարի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում հայտնաբերված խնդիրներից:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, ովքեր սովորում են Հայաստանի Հանրապետությունում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման համար:
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությունն իրականացվում է ինչպես առկա և հեռակա, այնպես էլ հեռավար ուսուցման ձևերով, ընդ որում՝ ներկա պահին հեռավար ուսուցմամբ կրթություն իրականացնում են միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Վերոհիշյալ ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը կազմում է մոտ 70:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված է, որ ուսանողներին, այդ թվում՝ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, հատկացվող ուսման վարձի փոխհատուցման չափը կարող է փոխվել կարգավիճակը ձեռք բերելու կամ կորցնելու պահից կախված:
9-րդ կետի համաձայն՝ ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը բուհին է ներկայացնում յուրաքանչյուր կիսամյակ՝ սահմանված ժամկետներում:
Վերոհիշյալով պայմանավորված՝ գործնականում անհնար է վերահսկել ընտանիքների անապահովության միավորի փոփոխությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի № 743-Ն հրամանով հաստատված հավելվածի 33-րդ կետի դրույթների համաձայն՝ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացում ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև հոկտեմբերի 25-ը:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ հեռակա ուսուցման դեպքում բուհում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ 34-րդ կետի համաձայն՝ բուհերը վերոհիշյալ դիմումները ներկայացրած դիմումատուների վերաբերյալ տվյալները ներկայացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև մարտի 30-ը:
Արդյունքում անհամապատասխանություն է առաջանում ուսանողի կողմից բուհում դիմում ներկայացնելու և դրանք բուհի կողմից նախարարություն ներկայացնելու ժամկետների միջև:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք, ինչպես նաև առկա խնդիրների շտկումը: