Լենա Նազարյան, դեռ քանիսի՞ 18 տարեկան որդու հաշվին եք ուզում «խաղաղության դարաշրջան» բացել
Արցախյան վերջին պատերազմում ստորագրած խայտառակ ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագրից հետո, երբ հայ ժողովրդի մի ստվար հատված ամոթից ու անօրինակ նվաստացումից կքած՝ չգիտեր՝ ինչ աներ, ինչ ելքեր որոներ ու գտներ, ու իրեն ապրելու հնարավորություն էր տալիս ապագայում հզորանալու ու մեր կորցրած հայրենիքը հետ բերելու տեսլականով, իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ իրենց հարցազրույցներում ու մարդկանց գիտակցության մեջ առաջ էին մղում «խաղաղության դարաշրջանի» մասին թեզը՝ «փափուկ ուժի» գործադրումից մինչև նոր պատերազմի հեռանկարով մարդկանց ահաբեկելու մեթոդին դիմելով:
2021թ. հունվարի 15-ին «Sputnik Արմենիայի» հետ զրույցում Ազգային ժողովի (ԱԺ) հետպատերազմյան շրջանի փոխնախագահ Լենա Նազարյանը ասել էր.
«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»:
Լենա Նազարյանի խոսքերից մեկ տարի և 10 ամիս անց մենք ունենք հարյուրավոր զոհեր, ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա, իսկ երեկ հայ հանրությունը հերթական ցնցումն ապրեց ադրբեջանցիների տարածած սահմռկեցուցիչ տեսանյութից, որում հայ անզեն ռազմագերիների՝ ադրբեջանցիների կողմից անմարդկային գնդակահարության տեսարանն էր:
Բոլոր կոնվենցիաներով պատերազմական հանցագործություն համարվող այս վայրագ գործողությունը որևէ մեկի մոտ պատրանք չի ստեղծում, որ Ադրբեջանի հետ որևէ մակարդակում հնարավոր է խաղաղ գոյակցություն, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարածքը նույնականացված է, և այդ սպանդը տեղի է ունեցել Ջերմուկում, այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, պատկերն առավել ամբողջական է դառնում:
«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,- նույն այդ հարցազրուցում ասել էր Նազարյանը։
Ամուր գետնին կպած ոտքերով Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում ամեն օր մենք տարածք ենք կորցնում, ունենում ենք մարդկային զոհեր, հաշմանդամներ, խեղվում են ճակատագրեր, կործանվում ընտանիքներ:
Եվ հիմա ճիշտ ժամանակն է Լենա Նազարյանին հարցնել՝ դեռ քանիսի՞ 18 տարեկան որդու հաշվին եք ուզում «խաղաղության դարաշրջան» բացել: