«Այդ ամենն ապացուցում է, որ մեր երկրում օր առաջ պետք է լինի խաղաղություն». Գրիգոր Մինասյան
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնված ադրբեջանցի զինվորականների վայրագությունների, հայ ռազմագերիներին գնդակահարելու փաստը արձանագրող տեսանյութին, ասաց, որ թե՛ մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ կառավարության միջազգային իրավական հարցերով կառույցներն արդեն գործիքակազմեր են կիրառում և դիմելու են ՄԻԵԴ ու միջազգային արդարադատության դատարան։
Հարցին՝ վատ չի՞ զգում, որ մաս է կազմում մի իշխանության, որի օրոք զինվոր են գնդակահարում, պատասխանեց.
«Ես հարցի կոնտեքստը հասկանալով, բայց չեմ հասկանում՝ ինչ ի նկատի ունեք»։
Լրագրողի դիտարկմանը, որ նկատի ունի այն, որ այս ամենի ֆոնին ներկայիս իշխանությունը խաղաղության դարաշրջանի մասին է քարոզում, նա պատասխանեց.
«Ես իրականացնում եմ Արդադատության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները և վստահեցնում եմ, որ իշխանությունը ամեն օր, ամեն ժամ՝ օրական 17-18 ժամ աշխատելով, մեր արդադատության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի իրավական առումով և՛ գնահատականները տրվեն, և՛ հնարավորինս մեր միջազգային գործընկերների հետ աշխատելով՝ բերենք այն հանգուցալուծմանը, որպեսզի նման բաները բացառվեն»։
Ըստ նրա, ամեն գնով հասնելու են նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր ներառվեն, որ մեղավորներին գոնե միջազգային հանրությունը ֆիքսի և դատապարտի։
«Այս տեսանյութը և վերջին մի քանի ամիսների ու տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը մեր ժողովրդին ու բոլորիս պետք է։ Իհարկե, այդ տեսանյութն ապացուցում է որ դեռևս անելիքներն այդ ուղղությամբ շատ են, բայց ասել, որ կրակոց, պատերազմ լինում է, ուրեմն՝ պետք է դուրս գալ խաղաղության բանակցություններից, համարում եմ՝ ճիշտ չէ։ Հակառակը, սա ապացուցում է, որ մեր երկրում օր առաջ պետք է լինի խաղաղություն»,- եզրափակեց Գրիգոր Մինասյանը։