Անհետ կորածների ընտանիքները 1 ամիս անց կզրկվեն 300.000 դրամ սոցաջակցությունից

44-օրյա պատերազմից հետո, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, դեռևս 70 զինվոր համարվում է անհետ կորած. նրանց այս կարգավիճակի վերաբերյալ դեռևս չկան դատական ակտեր, իսկ քանի դեռ դատական ակտ չկա, Կառավարությունն այս ընտանիքներին հատկացնում է 300 հազար դրամ սոցաջակցություն, ինչը նոյեմբերի մեկից այլևս չի տրամադրվելու։

Սեպտեմբերի 29-ին Կառավարությունը՝ նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով հաստատեց մի որոշում, ըստ որի, «անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության՝ մինչ այս պահը գործող ծրագրով նախատեսված է 21 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո դեռևս անհետ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 70 զինծառայողի ընտանիք 21 ամիս պետությունից ստացել են 300 հազար դրամ աջակցություն, հիմա Կառավարությունը որոշել է ընդամենը մեկ ամսով երկարաձգել նրանց աջակցության տրամադրումը, և այս մեկ ամիսը լրանում է նոյեմբերի 1-ին, ապա կդադարեցվի սոցաջակցությունը։

Անհետ կորած 70 զիվորի այն ընտանիքները, որոնք չունեն զինծառայողին անհետ կորած ճանաչելու վերաբերյալ դատական ակտ, չեն կարող դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, ուստի այս ընտանիքները դատական ակտը չունենալու պարագայում կկանգնեն փաստի առաջ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից:

Տեսանյութեր

Լրահոս