«ՌԴ-ն դեռ որևէ որոշում չունի Հարավային Կովկասի վերաբերյալ». եվրոպացի վերլուծաբան
«Ականատես ենք Հարավային Կովկասում ՌԴ «նահանջին»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ անվտանգության և կայունության մատակարարի իմիջի հեղինակազրկմանն ու Հարավային Կովկասում այդ ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալուն:
Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ այս ոլորտում դեռ որևէ նոր իրավիճակ հնարավոր չէ արձանագրել, սակայն անցյալի համեմատությամբ կան փոփոխություններ:
Ըստ նրա, ինչ-ինչ պատճառներով (որոնք, ի դեպ, շատ են) Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության համար անհրաժեշտ ջանքեր չի ներդնում, կամ տպավորություն է, որ չի անում այնպես, ինչպես նախկինում՝ պահպանում է հավասարակշռություն հակամարտող կողմերի միջև, քանի որ ՌԴ քաղաքականությունը, առաջնահերթությունները փոխվել են կամ ժամանակավորապես վերակողմնորոշվել:
«Սակայն Հարավային Կովկասում կան խնդիրներ, որոնք պահանջում են թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական ու ռազմական ոլորտում համապատասխան աշխատանք, լուծումներ: Ու բնականաբար, երբ կա այդ անհրաժեշտությունը ու հատկապես աշխարհաքաղաքական թեժ մրցակցության պայմաններում, այդ բացը լրացնել ցանկացողներ կլինեն: Թե դա որքանով կբավարարի ռեգիոնին, առանձին երկրների կարիքներին ու պահանջներին, որքանով կլինի ժամանակին՝ այլ հարց է, սակայն ներկայիս գործընթացները, հայկական կողմի ակտիվ շփումներն Արևմուտքում պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, ցույց է տալիս, որ այդ հարցերն առնվազն քննարկվում են: Սակայն թե պրակտիկ ինչ տեսք կարող է ունենալ դա, և արդյո՞ք այդ ամենը համադրելի է հայ-ռուսական դաշնակցային կապերի ու ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցությունների հետ, ևս առանձին ու կարևոր թեմա է, սա կախված է բոլոր կողմերից»,- ասաց նա:
Ըստ վերլուծաբանի, պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ն դեռ որևէ որոշում չունի Հարավային Կովկասի վերաբերյալ ու կարող է ինչ-որ գործընթացներում ինչ-որ փուլում հայտնվել:
«Այսօր մենք նկատում ենք Ռուսաստանի փոքր-ինչ նահանջը Հարավային Կովկասից, որն է՛լ ավելի մեծ թափով առաջ է բերել արևմտյան գործոնի խորացման հեռանկարը: Հարավային Կովկասն անվտանգային նոր քարտեզ ունենալու ճանապարհին է, որտեղ դեր են ունենալու ոչ միայն ու ոչ այնքան Արևմուտքը, որքան Թուրքիան, նաև Իրանը, պայմանավորված զարգացումներից՝ Ռուսաստանը: Իհարկե, Արևմուտքը չի ցանկանում կորցնել այս պահը՝ Ռուսաստանի իրավիճակը, փոխելով ՌԴ ազդեցության գոտիներում ՌԴ ազդեցության հետ կապված բոլոր հարցերը: Ռուսաստանն ինքն էլ խոստովանում է, որ բարդ օրեր են Ռուսաստանի համար, երբ որոշվում է թե՛ ՌԴ ճակատագիրը, թե՛ նոր աշխարհակարգն ու աշխարհի ապագա պատկերը: Հարավային Կովկասում քաոտիկ գործընթացները դեռ շարունակվելու են»,- ասաց նա: