«Շատ վատ վիճակ է. չկան հյուրանոցներ, հոսթելներ, բնակարաններ». անշարժ գույքի առք ու վաճառքի կառավարման մասնագետ
Վարձով բնակարան փնտրողների թիվն ավելանում է, իսկ գները շարունակում են բարձրանալ: Ստացվել է այնպես, որ գրեթե տարբերություն չկա՝ տունը սեփակա՞ն է, թե՞ բնակելի շենքում, կենտրոնո՞ւմ է, թե՞ ծայրամասում: 1-3 սենյակների համար մինիմալ գինը սկսվում է 150.000 դրամից և հասնում մինչև 400.000 դրամի, ու սա՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում:
«Շատ վատ վիճակ է: Ի տարբերություն փետրվար և մայիս ամիսների, հիմա միանգամից են գալիս: 3 օրում բնակարան վարձակալելու 58 հարցում եմ ստացել: Չկան հյուրանոցներ, հոսթելներ, բնակարաններ: Աբսուրդը հասել է այնտեղ, որ տանտիրոջը զանգում ես, որպեսզի մարդուն տանես, բնակարանը ցույց տաս՝ ասում է, թե ինձ 50 տոկոս փող տվեք դրա համար: Այսինքն, հերիք չէ՝ տունն ուզում է վարձով տալ, մի հատ էլ հաճախորդին ասում է՝ 50 տոկոսն ինձ տուր: Դեպքն ինձ հետ է տեղի ունեցել: Ասում եմ, ինձ գումար չեք վճարում, իմ հաճախորդն էլ ձեզ գումար պետք է տա՞, ինչի՞ համար: Դա դեռ քիչ է, միանգամից կես տարվա գումար է ուզում: Տանտերերի հետ անհնար է դարձել:
Այստեղ իրենց մեղավորության բաժինն ունեն մի շարք բրոքերներ, ովքեր զանգում ու ասում են, թե բնակարանն այսքան գումարով կարող են վարձով տալ: Տանտերերն էլ մտածում են՝ ուրեմն իրենց տունն այդքան արժե: Գնում, բացատրում ես, որ պետք է նորմալ գնով տալ, չբարձրացնել, որովհետև 1 ամիս կմնան ու դուրս կգան. չէ՛ որ չէ՛: Ամբողջ խնդիը բրոքերներից է գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց անշարժ գույքի առք ու վաճառքի կառավարման մասնագետ, «Էյրիս» ընկերության հիմնադիր Ռոզա Ղռեջյանը:
Նա նշեց՝ օգոստոս ամսին հանգիստ վիճակ է եղել, իսկ սեպտեմբերից, պայմանավորված ՌԴ-ում հայտարարված զորահավաքով և ՀՀ մեծ թվով հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մուտքով, վարձով բնակարանների գները կրկին թանկացել են:
«Այսօր եկողը մնում է դրսում: Հյուրանոցի համարը վերցրել էինք, մեկ օր ուշացել էր՝ դա տվել էին ուրիշի: Այս պահին Հայաստան հիմնականում ժամանում են IT ոլորտի ռուս մասնագետներ ու, եթե մինչև սեպտեմբեր վերցնում էին իդեալական բնակարաններ, ապա հիմա՝ ինչ պատահի, մենակ թե մնալու տեղ լինի ու անպայման ինտերնետ»,- նշեց անշարժ գույքի առք ու վաճառքի կառավարման մասնագետը: