
Թուրքական դեղամիջոցներ` Վրաստանում. առողջապահության նախարարը հարցը քննարկել է Թուրքիայի նոր դեսպանի հետ

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը:
Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում դեղամիջոցների գների նվազմանը Թուրքիայից պատրաստուկների ներմուծումից հետո: Ազարաշվիլին նաեւ Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է ապագա պլանները եւ փոխհամագործակցության հեռանկարները: Հանդիպմանը նաեւ ներկա է եղել դեսպանի խորհրդական Ղիզեմ Թուրքգենջի-Սեւիմը:
Դեղամիջոցների գների նվազման համար Վրաստանի կառավարությունը բացել է Թուրքիայի դեղագործական շուկա: Այս տարվա հունվարի կեսերից Վրաստանում թուրքական դեղագործական շուկայից արդեն ստացել են ավելի քան 200 անուն դեղամիջոց. արդյունքում դեղերի գները կրճատվել են մինչեւ 80 տոկոս: 2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է, որ երկրի դեղագործական շուկան կարիք ունի օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման հարցում:
Վրաստանի առողջապահության նախարարությունը դեղագործական ոլորտում մշակել է գործողությունների պլան՝ Մրցակցության գործակալության հանձնարարականների, ԱՀԿ-ի հետազոտությունների արդյունքների, տեղական եւ օտարերկրյա փորձագետների օգնությամբ եւ միջազգային փորձի հաշվառմամբ, հաղորդել է Sputnik-ը: