Ի՞նչ խնդիր են լուծում հանդիպումները Վաշինգտոնի հովանու ներքո
ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
«Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,- ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում:
Հանդիպման մասին Թվիթերում գրառում է կատարել նաև Ջեյք Սալիվանը։
«Ուղիղ և կառուցողական զրույցի համար այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին։ Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար»,- գրել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև այս տարի երեք հանդիպում կայացել էր Բրյուսելում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: Ավելի վաղ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացել էր Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այս հանդիպումը պետք է գնահատել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան ջանքերի շրջանակում:
Ըստ նրա՝ դրական է, որ Միացյալ Նահանգները հետևողականություն է ցուցաբերում և բաց չի թողնում բանակցային գործընթացը, ինչը բնորոշ է սովորաբար ամերիկյան քաղաքականությանը Հարավային Կովկասում:
«Հասկանալով, որ խնդիրներ են առաջացել Բրյուսելի նախաձեռնած գործընթացի ճանապարհին, Վաշինգտոնը փորձում է շարունակել աշխատանքը նույն ձևաչափերով, համակարգելով աշխատանքը Բրյուսելի հետ: Սակայն հանգամանքը, որ Միշելի նախաձեռնությամբ գործընթացում նման ռազմական բախում տեղի ունեցավ, բարդացրեց բարձրաստիճան գործընթացի շարունակությունը Բրյուսելում: Ուստի կարծես ժամանակավոր անորոշության մատնվեց ԵՄ մայրաքաղաքում սկսված գործընթացը, որը պետք է սկիզբ դներ Խաղաղության համաձայնագրի աշխատանքներին: Ներկայումս արդեն բարդ է ասել, թե ինչպիսի ընթացք կունենա այս բանակցային գործընթացն ու վերոնշյալ օրակարգը: Բարդ է պատկերացնել, որ ԱՄՆ-ը շարունակելու է զբաղվել այս ինտենսիվությամբ, բայց նաև դադարը և ԱՄՆ ներգրավվածության թուլացումը լի է ռեգիոնի համար այս պահին վտանգներով, քանի որ դա կարող է բերել նոր բախումներ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Ըստ նրա, խաղադրույքներ արվելու են նաև Պրահայում առաջիկայում հնարավոր Փաշինյան-Էրդողան հանդիպման վրա, նրա վրա, թե ինչ հաղորդակցություն կձևավորվի կողմերի միջև, և դա ինչ ազդեցություն կարող է ունենալ ռեգիոնի վրա: Այս հարցում, Գոգոլաշվիլիի խոսքով, Երևանն իր ակնկալիքներն ունի, Անկարան ու Բաքուն՝ իրենց, Արևմուտքը՝ իր, սակայն, թե որ կողմի ակնկալիքներն իրականում կբավարարվեն, հասկանալի կլինի հանդիպումից հետո:
«Իսկ իրավիճակի ազդեցության տակ կազմակերպված հանդիպումները հենց իրավիճակային խնդիրներ էլ լուծում են, համակարգային խնդիրներ չեն լուծում, քանի որ ամերիկյան կողմը դեռ ներգրավված չէ բուն բանակցություններում, սակայն կարևոր են հենց այդ բուն բանակցությունները: Այս պահին դեռ հասկանալի չէ, թե դրանք ինչպես են շարունակվելու: Թերևս, այս պահին ԱՄն-ը սա անում է ռեգիոնում հաստատվելու, Ֆիլիպ Ռիքերի դիրքերն ամրապնդելու, հետագայում Բրյուսելի հետ հավասարազոր պայմաններով կողմերի հետ աշխատելու «իրավունքը» ստանալու համար:
Կարևոր է, որ շփումները շարունակվեն, որպեսզի նոր էսկալացիա չլինի, որից հետո կարևոր է նաև բանակցությունների վերականգնումը: Պետք է գնահատել, որ ամերիկյան կողմի միջամտություններն ամենաբարձր մակարդակով են, որը նաև ցույց է տալիս ռեգիոնի կարևորությունը ու ԱՄՆ կամքը շարունակելու այս գոտում»,- ասաց նա: