
Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկ

Սեպտեմբերի 27-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել ավելի քան 300 հազար տոննա պարենով բեռնված ինը նավ՝ դրա թույլտվությունն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ): Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը:
ՀՀԿ-ն տեղեկացնում է, որ ինը նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից, դրանք տեղափոխում են ընդհանուր առմամբ 344 643 տոննա հացահատիկ եւ ագրոարդյունաբերական այլ արտադրանք սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Սեպտեմբերի 27-ի դրությամբ հացահատիկի եւ ագրոարդյունաբերական այլ արտադրանքի ընդհանուր ծավալը, որն արտահանվել է ուկրաինական երեք նավահանգիստներից, կազմում է 5 մլն 250 հազար 578 տոննա: Ընդամենը ներկայում թույլատրվել է 476 նավերի երթեւեկություն. 245-ը՝ ուկրաինական նավահանգիստներ ժամանելու եւ 231-ը՝ դրանցից դուրս գալու»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ստամբուլում հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ տեղի է ունեցել երեք ուկրաինական նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Յուժնիի) հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծման շուրջ փաստաթղթի ստորագրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: