Այս ընտրությունները ևս ցույց տվեցին, որ ՔՊ-ի հենարանը բավականին փխրուն է. Վիգեն Հակոբյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է 8 համայնքում՝ Ծաղկահովիտում, Թալինում, Գյուլագարակում, Լոռի Բերդում, Ակունքում, Ջրվեժում, Արենիում և Եղեգիսում, իսկ Սիսիանում թեև հավաքել է ամենից շատ ձայները, սակայն կուսակցությունը պետք է քաղաքական այլ ուժի կամ ուժերի հետ կոալիցիոն համայնքային իշխանություն ձևավորի:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում նշում է՝ այն տարածքներում, որտեղ ՔՊ-ի դեմ առաջադրվել է թեկնածու, որը տեղում ունի որոշակի հեղինակություն և ռեսուրսներ, հաջողությունների է հասել՝ անկախ հանգամանքից, թե ի՞նչ քաղաքական տանիք ունի, կամ ի՞նչ անվան տակ է հանդես գալիս: Ըստ նրա՝ այս տենդենցը դեռ նախորդ ՏԻՄ ընտրություններից է առկա:

«Այստեղ կարևորը քաղաքական բրենդը չէր, այլ այն, թե՝ ի դեմս թեկնածուի, տեղացիներն արդյոք տեսնո՞ւմ են մարդու, որը կարող է ինչ-ինչ հարցեր լուծել իրենց համար: Որտեղ լուրջ թեկնածու չի դրվել ՔՊ-ի դեմ, այդտեղ ՔՊ-ն կարողացել է 50 տոկոս հավաքել, կամ մոտ է այդ 50 տոկոսին:

ՔՊ-ի անունը Հայաստանում վաղուց այդ «մոգական ուժը» չունի, որ հենց գրեն ՔՊ՝ հաղթի»,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ ՏԻՄ ընտրություններն ունեն առանձնահատկություններ, և ճիշտ այլընտրանքը կապահովի հաջողություն:

Նրա գնահատմամբ՝ այս ընտրությունները ևս ցույց են տվել, որ ՔՊ-ի կամ այս իշխանությունների քաղաքական և սոցիալական հենարանը բավականին փխրուն է, և միայն կա ուժային հենարան՝ ի դեմս ոստիկանության, սև և կարմիր բերետավորների:

«Իշխանությունը կարողանում է իր իշխանությունը պահպանել, քանի որ ընդդիմությունը ռեսուրսի առումով ուժեղ չէ, կամ վճռական չէ: Իսկ այլընտրանքի պարագայում՝ ՔՊ-ն բավականին լուրջ խնդիրներ է ունենում»,- հավելեց նա:

Թե ի՞նչ կփոխի այս ընտրությունը հանրային տրամադրություններում՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանն արձանագրեց, որ այս ընտրությունները, ինչպես նախորդ ՏԻՄ ընտրությունները, ցույց են տալիս, որ ճիշտ աշխատելու, ռեսուրսները մոբիլիզացնելու դեպքում կարելի է շատ հեշտ «լուծել» այս իշխանության հարցերը:

«Եթե գործը հասնի համապետական ըմբոստությանը, ապա այդ տեղական իշխանությունները, որոնք ՔՊ-ական չեն, կարծում եմ, կարող են որոշակի դերակատարում ունենալ այդ շարժմանն աջակցելու գործում: Դա, ի վերջո, այն վարչական ռեսուրսն է, որն օգտագործվում էր, և որից միշտ դժգոհում էր ընդդիմությունը. եթե այն ՔՊ-ինը չէ, ուրեմն ՔՊ-ն այդ ռեսուրսներից զրկվում է»,- նշեց քաղտեխնոլոգը:

Քանի որ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում շատ քննարկվեց ադրբեջանցիների նշանառության տակ հայտնված Իշխանասարում ՔՊ-ի հաղթանակի հակատրամաբանական լինելը, Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեցինք նման արդյունքների պատճառների մասին:

Ի պատասխան՝ նա հիշեցրեց, որ նման դրվագ եղել էր նաև նախորդ ընտրության ժամանակ, երբ պատերազմից տուժած մի քանի գյուղեր, այդ թվում՝ Շուռնուխը, ընտրել էր Նիկոլ Փաշինյանին:

«Կարծում եմ, դա ընդհանուր առմամբ իռացիոնալ մոտեցում է. բանական մոտեցում այդտեղ չի կարող լինել, կամ մարդկանց շանտաժի են ենթարկում, թե՝ եթե չեք ընտրում, ուրեմն այս պաշտպանությունն էլ չեք ստանա: Այսինքն՝ ընտրում են՝ վախենալով իշխանության հաշվեհարդարից,- մանրամասնեց քաղտեխնոլոգը, ապա անդրադառնալով Սիսիանում ընտրությունների արդյունքներին՝ հավելեց,- Կա՛մ փողն է, կա՛մ վախը, կա՛մ՝ ապագայի խոստումները, թե՝ առևտուր կանեք՝ ինչպես խորհրդային ժամանակներում, և սիսիանցիների այդ հատվածը գուցե գայթակղվել է»:

Տեսանյութեր

Լրահոս