
Հայ պատանիները Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում 1 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզե մեդալ են նվաճել

Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում հայ պատանիները նվաճել են 7 մեդալ՝ 1 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ից 25-ը ԵՊՀ-ում առցանց ձևաչափով անցկացվել է Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան:
Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական և 4 ոչ պաշտոնական մասնակից։
Օլիմպիադային մասնակցել է 32 երկրի 172 մասնակից (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակցով: Թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։
Օլիմպիադայի արդյունքները հասանելի են այստեղ։
2021 թ.-ին Հայաստանի թիմը Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։