«Բոլորը մեղավոր են, իսկ մե՞նք…»․ Կարեն Ճշմարիտյան
Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարիներ շարունակ, և հատկապես վերջերս տարբեր կողմերից լսվում է` «…անկախությունից ի վեր դրսի կառավարման տակ ենք…»(տպավորություն է, որ մինչ այդ միշտ անկախ էինք), «…դուրս գանք ԵԱՏՄ-ից…», «…դուրս գանք ԱՊՀ-ից…», կամ` «…ինչու՞ միացանք Եվրախորհրդին», «… ինչու՞ ստորագրեցինք ԵՄ-ն հետ համաձայնագիրը…», «… խզենք կապերը ԱՄՆ-ի, ԵՄ-ն հետ, «…դուրս գանք ՀԱՊԿ-ից, մտնենք ՆԱՏՕ…», «… խզենք կապերը Ռուսաստանի դաշնության հետ…», նույնիսկ «…միանանք արաբական լիգային», և այլն, և այլն, և այլն:
Բոլորի միակ ուշագրավ փաստարկն այն է, որ տարբեր երկրների, միությունների և կազմակերպությունների կողմից պարտադրվում են մեր երկրի համար անընդունելի` ազգային արժեքներին ու պետական շահերին հակասող գաղափարներ, գործողություններ, նորմեր, կարգավորումներ և կառուցակարգեր:
Սակայն իրողությունը հետևյալն է:
Կարելի է լինել Եվրախորհրդի անդամ, կամ նույնիսկ Եվրամիության անդամ, և մերժել Ստամբուլյան կոնվենցիան, չվավերացնել Լանզարոտի կոնվենցիան, ազգային կրոնը սահմանադրորեն հաստատել, որպես պետական կրոն, չընդունել «ծնող-1» և «ծնող-2» հասկացությունները, չխրախուսել և փաստացի արգելել ԼԳՏԲ շքերթները, միասեռ ամուսնություններն ու մնացած այլասերումները: Օրինակները բազմաթիվ են:
Կարելի էր լինել Խորհրդային Միության կազմում, և որպես պետական լեզու պահպանել ազգային լեզուն, զարգացնել գրականությունը, կրոնն ու պատմությունը, մշակույթը, ավանդույթներն ու ընտանիքը, նաև որպես ազգ` դեմոգրաֆիական, տնտեսական ու սոցիալական թռիչք ապահովել:
Այս առումով Հայաստանի համար դրական օրինակները բազմաթիվ են ու բազմապիսի առնվազն վերջին հարյուրամյակում:
Անարդյունավետ և անպտուղ է` բողոքելն ու բացառապես այլոց մեղադրելն այն բանում, որ մեզ, որպես երկրի` փորձել են, փորձում են, կամ փորձելու են ստիպել, կամ պարտադրել մեր ազգային, հոգևոր, պետական, անվտանգային, տնտեսական, բարոյական, սոցիալական և ավանդական կերպին անհարիր, հակասող, կամ ոչ ներդաշնակ որևէ պարտավորության ստանձնումը, նորմի ընդունումն ու կիրառումը:
Պետք է հասկանալ և մեկընդմիշտ ընդունել, որ միջազգային ասպարեզում գործող յուրաքանչյուր սուբյեկտ և ազդեցիկ կենտրոն իր խնդիրներն է լուծում, և` բողոքել ու մեղադրել այլոց իրենց շահերը հետապնդելու մեջ նույնն է, թե` բողոքել այն բանից, որ նրանք ունեն շահեր, և պատրաստ են առաջ մղել իրենց գաղափարներն ու լուծել իրենց շահերից բխող խնդիրները` թեկուզ մեզ վնասելով:
Այո` շատ անգամ փորձել են, փորձում են, և փորձելու են:
Փորձեր միշտ էլ եղել են, կան, և լինելու են: Սակայն դա երբեք չի եղել, չի լինում, և չի կարող լինել ուղղակի, բաց տեքստով և անթաքույց պարտադրանքով, եթե դիմացինդ բացահայտ հայտարարված թշնամի չէ: Վերջինիս պարագայում այլընտրանքը պատերազմն է, որին մշտապես պետք է պատրաստ լինել:
Գործնականում այն կատարվում է դիվանագիտորեն, մեթոդաբար, ծրագրված, գրագետ մատուցված, երբեմն` մանիպուլացված ու գայթակղիչ առաջարկներով շղարշված:
Հետևաբար, եթե պետության անունից որոշում կայացնողները, կամ դրան մասնակիցները հստակ տիրապետում են երկրի առաջնայնություններին, խնդիրներին ու յուրահատկություններին, նաև` հայրենասեր, գիտակ ու հմուտ պրոֆեսիոնալներ են, ապա բոլորի հետ շատ հանգիստ, ողջամտության սահմաններում կարելի է բանակցել բացառապես այն, ինչը մեր երկրին է անհրաժեշտ ու ձեռնտու: Միաժամանակ, հնարավոր է պրոֆեսիոնալ մակարդակով վարվող բանակցությունների միջոցով, առանց հարաբերությունները խզելու և վատթարացնելու` մերժել այն ամենն ինչն անհամատեղելի է մեր շահերի հետ, անկախ նրանից, թե որ երկրի հետ ենք բանակցում, որ միության մեջ ենք, կամ որ կազմակերպությանն ենք անդամակցում:
Փորձը ցույց է տվել, որ ցանկացած երկիր և կազմակերպություն, որքան էլ այն հզոր և ամենակարող թվա, միևնույնն է` հարգում և ընդունում է ազգային ու պետական շահերով թելադրված այն կարմիր գծերն ու սահմանները, որոնք տվյալ երկրի կողմից հստակ նախանշվում, ընդգծվում և պահպանվում են:
Պետք է առանձնահատուկ ընդգծել, որ հենց այդ շահերից ու սահմանագծերից ելնելով են որոշվել այս կամ այն կազմակերպություններին ու միություններին անդամակցման նպատահարամարությունը, իսկ առաջին հերթին` ռազմավարական դաշնակցի, ռազմավարական գործընկերների, բարեկամ երկրների հետ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև յուրաքանչյուրի դեպքում` համագործակցության ոլորտները, դրանց ընդլայնման ու խորացման սահմանները:
Համոզված կարելի է պնդել, որ անխախտելի սահմանագծերի նախանշումն ու ընդգծումը բոլոր կողմերի մոտ միայն և միայն հարգանք են առաջացնում, իսկ մեզ համար, որպես երկրի ու պետության` ձևավորում և ամրապնդում են արժանապատիվ ու վստահելի գործընկերոջ կերպարը: Այս մոտեցումը վերաբերվում է բացառապես բոլոր ոլորտներին և բոլոր կենտրոնների և նրանց հարող երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցությանը: Անհրաժեշտ է հավելել, որ երբեմն իրողություններից ելնելով անհրաժեշտ է լինում, որպեսզի երկիրը տվյալ ժամանակահատվածում այս, կամ այն աշխարհաքաղաքական ուղղությամբ հստակ ընտրություն կատարի, և պարզ դիրքորոշում արտահայտի:
Այս դեպքում նույնպես` ընտրությունը պետք է բխի բացառապես ազգային ու պետական շահերից: Միաժամանակ, այն պետք է լինի ազնիվ, բաց, հիմնավորված և բոլոր մնացած գործընկերների համար ընկալելի ու հասկանալի:
Ստելը, երկերեսայնությունը, երկչոտությունը, խաբեբայությունը, և այլ գործընկերների համար անակընկալների մատուցումը ձախողման առաջին նախապայմանն է:
Տվյալ համատեքստում ամենագլխավորն ու ամենակարևորն է` ակտիվ աշխատել բացառապես բոլորի հետ, սակայն հստակ տարբերակել ռազմավարական դաշնակցին` ռազմավարական գործընկերոջից, «խորը և համապարփակ» համագործակցողին` բարեկամից, իսկ թշնամուն ու հակառակորդին` հարևան երկրից, և այլն:
Այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպք և ժամանակաշրջան յուրահատուկ է, և յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել ճկուն և պրոֆեսիոնալ մոտեցում: Հնարավոր է նույնիսկ միջազգային փաստացի բազմաստանդարտ «ժողովրդավարության» և ընտրովի «կոռուպցիայի դեմ պայքարի» պայմաններում «նավարկել» անվնաս և առանց կորուստների: Սա միշտ պետք է հաշվի առնել:
Այսպիսի մոտեցման որդեգրումը ապահովագրում է նաև` «Մեր փոխարեն արդեն որոշել են…», կամ «Ինչ էլ անենք` միևնույնն է այսպես է լինելու…» կործանարար և անհեռանկար պնդումներից:
Այսպիսի մոտեցումը կարող է վիճելի թվալ նման մտածելակերպ ունեցող այն շրջանակների համար, որոնք անվերապահորեն նվիրված են «գլոբալ» անկասելի ընթացքի և դրանում հատկապես տարածքով ու բնակչությամբ փոքր երկրների դերակատարության իսպառ բացակայության` խաբուսիկ, պարտվողական, և որևէ կերպ չհիմնավորված գաղափարին: Սակայն, սա իրենց` այսպես կոչված «մոդելապաշտների» գործն է… Պարզապես թող դիտարկեն տարածքով և բնակչությամբ փոքրածավալ, սակայն աշխարհում և իրենց տարածաշրջանում ազդեցիկ և կայացած երկրների օրինակները:
Չկա ողջամտորեն ձևակերպված այնպիսի խնդիր, որը հնարավոր չէ լուծել, եթե որպես ազգ` միակամ ես և անպառակտելի, իսկ որպես պետություն` պրոֆեսիոնալ ես, կազմակերպված, նպատակասլաց, և հստակ նախանշել ես այն սահմանագծերը, որոնք ոչ մի պարագայում չես կարող խախտել:
Այսպես է եղել միշտ, այդպես է այսօր, և այդպես է լինելու հավետ:
Վերոնշյալից հետևում է, որ երկրի ներսում կարելի է քննարկել համարյա ամեն ինչ, սակայն երբեք և ոչ մի պարագայում չի կարելի սահմանափակվել միայն այլոց մեղադրելով և նրանցից բողոքելով, որովհետև իրականում և գործնականում` եթե կան խնդիրներ, ապա` դրանք հիմնականում ու մեծամասամբ մեր երկրի ներսում են:
Այո’, խնդիրները ցանկացած պարագայում մեր երկրի ներսում են…
Ցանկացած երկրին ոչ ձեռնտու բոլոր օրակարգերը փորձում են քննարկման առարկա դարձնել և իրագործել հենց տվյալ երկրի ներսից` հիմնականում և սովորաբար այդ նույն, այսպես կոչված «ազդեցիկ», «թելադրող», կամ «պարտադրող» կենտրոնների, երկրների և կազմակերպությունների շահերը ներկայացնող և տվյալ երկրի ներսում գործող գաղափարական միավորների, նրանց համախոհների, վճարովի կամակատարների, կամ որ առավել վտանգավոր է` դրածո պաշտոնյաների, կամ գործակալների կողմից: Օրինակները բազմաթիվ են և բազմապիսի:
Որպես թեման լրացնող մեջբերում կարելի է անդրադառնալ նաև վերջիններիս մարդկային ու բարոյական կերպարների ընդհանրական նկարագրին: Անշուշտ սա առանձին, և շատ տհաճ թեմա է, բայց պատկերի ամբողջականությունն ապահովելու համար պետք է փորձել հնարավորինս հակիրճ անդրադարձ կատարել:
Այդպիսիների վարքագիծն ու գործելաոճը հիմնականում պայմանավորված են լինում ոչ թե նրանց արմատացած գաղափարական հայացքներով ու դիրքորոշումներով, այլ մեծամասամբ` այդ նույն կենտրոնների իրական արժեքների և արժանիքների մասին չիմացությամբ, թերի, կամ մակերեսային իմացությամբ, իսկ առավել հաճախ` հենց այդ նույն անձանց բարոյական կերպարով, դաստիարակության բացակայությամբ, կաղապարված մտածողությամբ և կրթական ու պրոֆեսիոնալ անբավարար մակարդակով:
Կարելի էր սահմանափակվել ասվածով, բայց անհրաժեշտ է հավելել ևս մեկ շատ կարևոր իրողություն: Այն է` Հայաստանի պարագայում հենց այդ կերպարներն ու նրանց մարդկային որակներն են կանխորոշել պայմանական արևմուտքի և պայմանական արևելքի նկատմամբ ձևավորված հանրային որոշ ձևախեղված ընկալումները, որովհետև հենց նրանց դեմքով և վարքագծով են ներկայանում իբր` գաղափարակիցներն ու ընդդիմախոսները:
Ընդսմին` այսօր արևմուտքը և արևմտյան արժեքները մեր հասարակության որոշ հատվածի ենթագիտակցության մեջ նույնացվել են ոչ թե Արիստոտելի, Պլատոնի, Պյութագորասի, Բախի, Բայրոնի, Նյուտոնի, Միքելանջելոյի, Կանտի, Ռեմբրանտի, Հեմինգուեյի, Ջորջ Վաշինգտոնի, Էյնշտեյնի, Ռիկարդոյի և Մարքսի, կամ մյուս աշխարհահռչակ մեծությունների, այլ բացառապես հայրենամոռ լինելու, արժեքներն ուրանալու, ազգադավության, թշնամասիրության, այլասերումների և պղծությունների հետ: Նույն կերպ, Ռուսաստանն ու Արևելքը` Մենդելեևի, Իվան Ահեղի, Դոստոևսկու, Պուշկինի, Տոլստոյի, Չեխովի, Չայկովսկու, Ռեպինի, Ֆիրդուսու, Օմար Խայամի, Իբն Սինայի, Կոնֆուցիոսի, կամ այլ տիտանների փոխարեն` այդ նույն իրենց «արևմտասեր» հռչակածների թեթև ձեռամբ նույնացվել են ագրեսիվության, կոռուպցիայի, անհանդուրժողականության, ռազմատենչության և ահաբեկչության հետ: Այս ամենն արմատացել է չնայած այն հանգամանքին, որ ավանդական արևմուտքն ու արևելքը` իրենց իրական արժեքների նկատմամբ հավատարմության մասով` ոչ բացասական, ոչ էլ դրական առումով իրար չեն զիջում: Բացի այդ, հենց այդ կերպարներն են, որ հայրենասիրությանը, ճշտապահությանը, մաքրասիրությանը, պարկեշտությանը, արդարամտությանը, սիրուն, ազնվությանն ու քաջությանը հակադրում են` ազգադավությունը, անկարգապահությունը, փնթիությունը, երեսպաշտությունը, խաբեբայությունը, ատելությունը, ստախոսությունն ու վախկոտությունը: Իհարկե, այս ամենն ամենուր և միշտ իրականացվել է «…ունևորից խլելու և աղքատներին բաժանելու…» մարդկության ողջ պատմության ընթացքում երբևէ իրականություն չդարձած, իսկ ժամակակակից աշխարհում իբր` «ժողովրդավարության հաստատման», «կոռուպցիայի դեմ պայքարի», «մարդու իրավունքների պաշտպանության» և «բնության պահպանության» կարգախոսների շահարկման և դրանց քողի տակ:
Հաշվի առնելով, որ ակնհայտ ծեծված թեմա է, այսքանով կարելի է սահմանափակել այս մեջբերումը…
Տեսականորեն և գործնականում այս շերտը («համախոհներն» ու դրածոները) առկա է միշտ, բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում (նույնիսկ ամենափակ սահմաններով), քանի դեռ աշխարհում և տարածաշրջանում կան ազդեցիկ կենտրոններ, որոնք հետապնդում են իրենց շահերը տվյալ երկրում:
Բնականաբար Հայաստանն այս առումով բացառություն չէ: Բացառություն չեն նույնիսկ հենց նույն գերհզոր պետություններում այնպիսի գաղափարական և քաղաքական ուղղության որոշում կայացնողների գոյությունը, որոնք ամենևին էլ չեն ծառայում տվյալ երկրի ազգային շահերին:
Կարևոր հանգամանքը այս դեպքում տվյալ երկրում որոշումներ կայացնողների շրջանակներում վերը նշվածների և սովորական հայրենասեր պրոֆեսիոնալների միջև որակական և քանակական հարաբերակցությունն է:
Ցանկացած երկրի իշխանության մարմիններում հայրենասեր պրոֆեսիոնալների որակական ու քանակական գերակայության պայմաններում տվյալ երկրին անհարիր և վնասակար գաղափարները, նախագծերը, օրակարգերը, նորմերը գուցե երբեմն քննարկման առարկա են դառնում, բայց երբեք ազգային ու պետական օրակարգ չեն ձևավորում, և ի վերջո` երբեք կյանքի չեն կոչվում:
Իրավիճակը վատթարանում է, երբ երկրի ներսում որոշում կայացնողների մեջ ավելանում են այդ կենտրոնների, երկրների (ծայրահեղ վտանգավոր է, երբ դրանք բացահայտ հակառակորդ, կամ թշնամի երկրների համախոհներն են) և կազմակերպությունների շահերը գիտակցաբար, կամ անգիտակցաբար ներկայացնողները, և նրանց հարող անտեղյակները, անսկզբունք շահամոլները, պատեհապաշտներն ու դիլետանտները:
Վտանգավոր է, երբ նրանց և նրանց համակիրների քանակը դառնում է ակնհայտ գերիշխող: Այս դեպքում սկսվում են տարբեր որակի և տեսակի կատակլիզմներ, խժդժություններ ու քաոս:
Առավել անվերահսկելի և կործանարար է, երբ նրանք հանգամանքների բերումով և ցնցումներ հրահրելով` տնօրինում են բացառապես բոլոր կառավարչական, օրինաստեղծ, իրավապահ մարմիններն ու տեղեկատվական միջոցները, և ամբողջությամբ տիրապետում են բոլոր անհրաժեշտ լծակներին: Հայաստանը վերջինիս վառ օրինակն է:
Հետևանքը ողբալի է` Հայաստանը աշխարհաքաղաքական կենտրոնների և իր ազգային շահերի համադրման կենտրոնից վերածվել է արտաքին քաղաքական դաշտում լիակատար մեկուսացման մեջ գտնվող, ազգային շահերի անտեսման և աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների լուծման տարածքի:
Այս պարագայում իրավիճակը շտկելու ամբողջ ծանրությունն ընկնում է հասարակության քաղաքական ու քաղաքացիական այլ շրջանակների` ժողովրդի իրական ազգային ու պետական գաղափարներ կրող հատվածի վրա: Այն հատվածի, որոնք ազգային ու պետական արժեքներ կրողներ են գենետիկորեն, գաղափարապես, պատմականորեն` անկախ գործող հասարակարգից և իրենց մշակութային, կրթական ու սոցիալական կարգավիճակից: Պետք է ընդգծել, որ այս հատվածը ամենևին էլ նրանք չեն, որոնք կրթված են, և տեղի անտեղի, պատեհ, անպատեհ, անընդհատ ու անդադար շատախոսում են, կամ կրկնում, շահարկում և արտաբերում են «ազգ» և «պետություն» բառերը` իրենց բոլոր հոլովներով, և խնամքով սքողում են իրական կյանքում իրենց ապիկար, անհաջողակ, կամ մերժված լինելը, այլ նրանք են, ովքեր իրենց գաղափարներով, մոտեցումներով, վարքագծով, բարոյական կերպարով, կենսագրությամբ ու կատարած աշխատանքով, անկախ տարիքից ու սեռից, սոցիալական ու կրթական կարգավիճակից, զբաղմունքից ու մասնագիտությունից` լռելյայն, գործով ապացուցել ու վաստակել են ազգային, պետական ու հայրենասեր լինելու կոչումն ու պատիվը: Այնպես որ՝ այս իրավիճակի շտկումն անշուշտ առաջին հերթին վերջիններիս առաքելությունն է:
Բնական է, որ այն կկարգավորվի, և հասարակությունը կվերադառնա իր բնականոն կյանքին: Սակայն հետագայում նման իրավիճակներում չհայտնվելու առումով այս կարգի հարցերում բացառապես մարդկային գործոնի վրա հենվելը երկարաժամկետ հեռանկարում չի կարող ապահովել հուսալիության բարձր աստիճան: Հետևաբար, դրա լավագույն ու փորձված եղանակը հետևյալն է.
անհրաժեշտ է բոլոր Հայ մարդկանց գիտակցության և առավել ևս` ենթագիտակցության մեջ մանկուց «դաջել», ամրապնդել, խորը «փորագրել» բոլոր ոլորտներում ( բարոյականից ու հոգևորից սկսած և անվտանգությամբ, տնտեսությամբ ու կենցաղով վերջացրած ) առկա այն սահմանագծերը, կարմիր գծերը, որոնց հատումը հայկական ազգային ու պետական շահերի տեսանկյունից պարզապես անթույլատրելի է, անընդունելի է, իսկ առանձին դեպքերում նաև` խիստ արգահատելի և պատժելի:
Վերջինիս հիմքերի հիմքը` Ազգային գաղափարախոսությունն է:
Ազգային գաղափարախոսությունն է, որ պետք է վերջնական որդեգրել, միս ու արյուն դարձնել մանկուց ու դպրոցից` ի հեճուկս բոլոր անհավատների…
Վերջում, ստիպված պետք է հիշել և կրկնել շատ ծեծված, բայց հավերժ արդիական մի ձևակերպում:
Այն է.
սեփական անհաջողությունների, սխալների և տապալումների համար բացառապես այլոց (այս դեպքում` օտար պետություններին) մեղադրելը, կամ նրանցից անդադար բողոքելն անարդյունավետ է, և անհեռանկար:
Այնպես որ` միայն «… ԵՄ-ն ստիպում է…», «…ԱՄՆ-ը ստիպում է…», ՌԴ-ն ստիպում է…», չգիտեմ ով «…ստիպում է…», «…մեր փոխարեն որոշել են…» գլխագրերով սահմանափակվող մեր երկրի ներսում ծավալվող քննարկումներն անարդյունավետ են, անպտուղ և անհեռանկար: Կամ, ասենք` «… արևմուտքը, արևելքը, այս, կամ այն երկիրն ու չգիտեմ էլ ովքեր են կանգնած այս ամենի հետևում…» դիսկուրսով սահմանափակվելը, առանց առաջին հերթին տեսնելու մեր շուրջը բազմացած հայանուն թշնամասերներին ու թշնամահպատակներին` իռացիոնալ է և անավարտ:
Խնդիրը ցանկացած պարագայում մեր մեջ է, մեր շուրջը և մեր երկրի ներսում…
Աչալուրջ լինենք, հայտնաբերենք, և համապատասխան աղբանոց նետենք մեր երկրի ներսում կուտակված և գարշահոտությամբ խեղդող գաղափարական աղբը:
Միայն դրանից հետո կարելի է արժանապատվորեն հակազդել և՛ թշնամուն, և՛ նրան սատարող ուժերին»: