Անգամ արտաքին հիպոթետիկ փոփոխության պարագայում՝ մենք շարունակելու ենք կախված լինել ռուսական «Գազպրոմից». Վահե Դավթյան
Վերջին օրերին տարբեր շրջանակների կողմից պարբերաբար հանրայնացվում է արտաքին վեկտորի փոփոխության անհրաժեշտությունը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո հատկապես թեման առավել շեշտվեց, և անգամ հնչեցին կոչեր ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու մասին: Այս համատեքստում քննարկվում է նաև նման հնարավոր սցենարի դեպքում էներգետիկ ճգնաժամը լուծելու այլընտրանքային ուղիների հարցը:
168.am-ը Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք առկա իրավիճակում իրատեսական են նման արմատական փոփոխությունները, և նմանատիպ հնարավոր սցենարի պարագայում էներգետիկ ճգնաժամն ի՞նչ լուծումներ կունենա:
Ի պատասխան՝ Վահե Դավթյանը մանրամասնեց. «Նախ՝ արտաքին վեկտոր փոխելու համար պետք է միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ լինես, այլ ոչ թե օբյեկտ՝ ինչպես մենք ենք վերջին տարիներին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ շարունակելու է կարևոր գործոն լինել տարածաշրջանային հարցերում: Ուստի, պետք է մի կողմ դնել բոլոր հույզերն ու փորձել վերականգնել սաբոտաժի ենթարկված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ապահովելով արտաքին քաղաքական բալանսը: Այլապես հայտնվելու ենք ռազմավարական վակուումի մեջ, որն անխուսափելիորեն լրացվելու է Թուրքիայի կողմից: Գուցե մեր հասարակության մի զգալի հատված դեմ չէ նման սցենարին, բայց, վստահաբար, դա էքզիստենցիալ վտանգ կլինի մեզ համար:
Ինչ վերաբերում է էներգետիկ ճգնաժամին, ապա անգամ արտաքին վեկտորի հիպոթետիկ փոփոխության պարագայում՝ մենք շարունակելու ենք կախված լինել ռուսական «Գազպրոմից» մի պարզ պատճառով՝ այդ ընկերությանն է պատկանում Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը: Տեսականորեն, դա հաղթահարելու միակ ուղին համակարգի ազգայնացումն է, ինչը շատ արկածախնդիր քայլ կլինի՝ վտանգավոր հետևանքներով»:
Իսկ այդ սցենարի իրագործման պարագայում, ըստ փորձագետի, պետք է պատրաստ լինել ներկրումն իրականացնել միջազգային շուկայական գնով, որը վերջին շրջանում տատանվում է 2000-3000 դոլարի սահմաններում, քանի որ մնացած այլընտրանքներն օբյեկտիվորեն քիչ հավանական են:
«Միաժամանակ, կարծում եմ, որ Հայաստանի օրվա իշխանությունները թերևս դեմ չեն լինի Ադրբեջանից իրականացվող մատակարարումներին: Դրա փորձն արդեն արվել է 2021 թ. մարտին, երբ մոտ երեք շաբաթ գազի մատակարարումը Հայաստան իրականացվում էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան լոգիստիկայով, ինչը պայմանավորված էր «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներով: Սակայն հայտնի է, որ նույնիսկ այդ դեպքում Հայաստան մատակարարվում էր ռուսական գազը: Խնդիր է նաև այն, որ Ադրբեջանն իրականում չունի անհրաժեշտ ծավալի բնական գազ՝ հաշվի առնելով Բաքվի բազմաթիվ պայմանագրային պարտականությունները, այդ թվում՝ ԵՄ ուղղությամբ, որտեղ Բաքուն պատրաստվում է կրկնապատկել արտահանումն առաջիկա տարիներին:
Մեկ այլ սցենար է թուրքմենական գազի ներկրումը, ինչի մասին վերջին շրջանում հայտարարվում է նաև Հայաստանի պսևդո-իշխանությունների կողմից: Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը պատրաստ է տարանցման երկիր հանդիսանալ թուրքմենական գազը երրորդ շուկաներ արտահանելու համար: Իրականում, սա իր մեջ հստակ աշխարհաքաղաքական բովանդակություն է պարունակում՝ ուղղված լինելով նախևառաջ Ռուսաստանի և Իրանի արտաքին շահի դեմ»,- հավելեց նա:
Քանի որ օրերս ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, թե հաղորդակցությունների վերաբացման դեպքում Հայաստանը կստանա մոտ 5 մլրդ դոլարի ռուսական ներդրում՝ փորձագետին խնդրեցինք մեկնաբանել, թե տնտեսական նման խոստումներն ի՞նչ հեռանկար ունեն և ի՞նչ նպատակներ:
Նա նկատեց, որ այս դեպքում առկա է քաղաքական հռետորաբանություն, քանի որ չի կարծում, թե Օվերչուկի հայտարարության հիմքում իրական հաշվարկ կա:
«Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլզը հայտարարում էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է շուրջ 8 մլրդ դոլար ներդրում իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ առանց հաշվի առնելու, որ ոչ միայն Հայաստանի վերականգնվող էներգետիկան, այլև ամբողջ էներգետիկ համակարգն ի վիճակի չէ նման ծավալի ներդրում աբսորբացնել: Նույն կարգի հայտարարություններ են: Առնվազն, եթե հայտարարում ես նման ներդրում իրականացնելու մասին, անհրաժեշտ է գոնե նշել ներդրումային ուղղությունները:
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների վերաբացմանը, ապա թեև Օվերչուկը չի հստակեցնում, սակայն պարզ է, որ խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ-Բաքու երկաթուղու կառուցման մասին է՝ այն, ինչը բանակցվում է 2021 թ. հունվարից և ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Կարող եք դա անվանել միջանցք, կարող եք՝ ճանապարհ կամ երթուղի, էությունը դրանից չի փոխվելու: Եթե այդ հաղորդակցությունը կյանքի կոչվի, ապա Հայաստանն իր ապասուբյեկտայնացված վիճակում, միևնույն է, ի վիճակի չի լինելու վերահսկել այն:
Ի վերջո, այն ծառայելու է թուրք-ադրբեջանական շահի սպասարկմանը՝ ուղղված նախևառաջ Նախիջևանի ռազմականացմանը, այդտեղ թուրքական ռազմական ներկայության ամրապնդմանը: Իր հերթին, այս սցենարի իրականացումը նշանակում է, որ Սյունիքը տանելու են ապառազմականացման ճանապարհով, ինչը հավասարազոր կլինի ժամանակի ընթացքում այդ առանցքային մարզի կորստին»: