«Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն, պարտադի՞ր է, որ գնա. ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել». Լևոն Ջավախյան

«Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.amի հարցադրումներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյից «Եռաբլուր»–ում էին, որպեսզի թույլ չտան Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»:

Ի դեպ, զոհվածների հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հեռացրել էին նաև իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից դրված ծաղկեպսակները: Սակայն Նիկոլ Փաշինյանի մուտքն անխոչընդոտ իրականացնելու «օպերացիան» հաջողելու համար՝ կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ հեռացրել էին նահատակների ծնողներին:

Լևոն Ջավախյանին զայրացրել է իշխանությունների համառությունը. նա համոզված է՝ Փաշինյանը ոչ թե գնում է խոնարհվելու «Եռաբլուր»–ում, այլ պղծելու. «Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն: Պարտադի՞ր է, որ գնա. էդ մարդուն չեն ուզում ծնողները, ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել:

Կարդացեք նաև

Իմ համոզմամբ՝ նաև, այս պատերազմն ինչ-որ տեղ պայմանավորված էր: Որտեղի՞ց է գալիս իմ այդ ենթադրությունը. ինքը թունդ պահին կանգնեց-ասեց, թե կարող է ինձ դավաճան ասեն, անարգեն, բայց էն թուղթը, որը խաղաղության համար առաջադրված է, պիտի ստորագրեմ: Ինձ թվում է, որ այդ պատերազմն արարվեց, որ ասի՝ տեսնում եք, ժողովուրդ, ես ճար չունեմ: Ու այդ պայմանավորված պատերազմի արդյունքում 200-ից ավելի զինվոր է զոհվել. էդքանից հետո դու ի՞նչ իրավունքով ես գնում խոնարհվելու, ծաղիկներ տանելու»:

Անդրադառնալով տոնի խորհուրդը վերագտնելու համար մեր անելիքներին՝ հրապարակախոսը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ-ն ապագա չունի, և այս «ազգադավ» իշխանությանը հեռացնելուց հետո միայն պետք է խոսել անելիքների մասին:

Հարցին, թե ո՞րն է այս պահին, այս իրավիճակում մտավորականի առաքելությունը, Լևոն Ջավախյանը պատասխանեց. «Եթե իսկական մտավորականը, գրողն իր ազգի տառապանքով, ցավով չի ապրում, թող նա մոռանա արվեստի հետ իր առնչությունը. նա գրող չի դառնա: Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, նրանք գրող են դառել նաև իրենց ազգի տառապանքը յուրովի ապրելով»:

Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Կառավարությունն Ադրբեջանի սադրած վերջին պատերազմից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:

Տեսանյութեր

Լրահոս