««Դեմոկրատիան» հասկանալի է, բայց ինչ ասել է՝ «…իզա՞ցիա»». Կարեն Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դեմոկրատիան» հասկանալի է, բայց ինչ ասել է՝ «…իզա՞ցիա»
Մեզ համոզել էին, և մենք գիտեինք, որ դեմոկրատիան դրական բան է՝ երաշխավորում է արդարություն, զարգացում, և այլն։ Միցուցե դա այդպես է, եթե այն իրական է…
Սակայն, այն, թե ինչ է «դեմոկրատիզացիան»՝ չգիտեինք:
Հետևելով և ականատեսը դառնալով «Սոցիալիստական ճամբարի» երկրներում և նախկին խորհրդային հանրապետություններում (և ոչ միայն) «դեմոկրատիզացիայի» անվան տակ ժողովուրդներին մոլորեցնելու, խաբելու, ազգային ու մարդկային հիմնարար արժեքները ոչնչացնելու, տարածքները կորցնելու, արտագաղթն ավելացնելու, բնակչության քանակը նվազեցնելու, պետության հիմքերը խարխլելու, և ինքնիշխանության կորստի վերջին տասնամյակների «շքերթը»՝ շատ բնական ու պարզունակ հարց է ծագում։
Մի՞թե դա էր այդ բաղձալի «դեմոկրատիան», հապա՝ իրական դեմոկրատիան ինչպես, և ե՞րբ է լինում։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատ և արդար ընտրություններով իշխանության ձևավորումը, իրավունքի գերակայությունը, ազատություններն ու արդարությունն ու՞ր են… Դրան զուգահեռ՝ իբր դեմոկրատիայի ուղին բռնած, կամ բռնի ուժով դեմոկրատիզացիայի ենթարկվող երկրները մեկը մյուսի ետևից այսպես կոչված «ոչ դեմոկրատ», կամ «դեմոկրատիա» տարածող երկրներին են զիջում իրենց ինքնիշխանությունը, տարածքներն ու ռեսուրսները։
Այս ամենը մի հիշողություն է արթնացնում։
Հին սովետական ֆիլմ կար՝ կուլակաթափության և «կոլեկտիվիզացիայի» մասին։
Ֆիլմի մի դրվագում ցուցադրվում էին կուլակի սեփականությունը խլելու մանրամասները։
Կուլակն իր տան բակում կանգնած դիտում է, թե ինչպես են ջանասիրաբար դատարկում ամբարներն ու տունը, խլում անասունները, խոտը, ցորենը, ալյուրը, սնունդը, և այլ ունեցվածքը։
Նա բացարձակ չի դիմադրում, միայն զարմացած հարցնում է՝ ««Կոլեկտիվ»՝ ես հասկանում եմ, բայց ինչ ասել է՝
«…իզա՞ցիա»…
Մի՞թե սա էր «Կոլեկտիվիզացիան»»։
Իսկ եթե լուրջ, ապա այս ամենը տեսնելով՝ մարդկությունը մոլորվել է, և չի կարողանում կողմնորոշվել՝ «դեմոկրատիա՞ն» է վատ բան, «դեմոկրատիզա՞ցիան», թե՝ այնուամենայնիվ բավարար ազնիվ չեն դրանց տարածողներն ու առաջամարտիկ հռչակվածները։
Հնարավոր չէ ստելով և մարդկանց անդադար խաբելով ի վերջո հասնել դրական արդյունքի։
Այդպես չի լինում…»