Ցանկալի կլիներ րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Ադրբեջանի ագրեսիան չի դադարում․ Նիկոլ Փաշինյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել մեր մարտավարությունը, ռազմավարությունը և հետաքրքրվեց, թե որո՞նք են գործնական քայլերը:

Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանելիս  նախ փորձեց  հետահայաց անդրադարձ կատարել.

«Դուք տեղյակ եք, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո մենք հանդես էինք եկել զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, և կարծում եմ՝ հետագա իրադարձությունները ապացուցեցին, որ զորքերի հայելային հետքաշման և այդ սահմանային գծի երկայնքով միջազգային մոնիտորինգ իրականացնելու հարցն իր հրատապությունն այս իրադարձություններով ապացուցեց:

Ուզում եմ ասել, որ երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաև նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիտորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Կարծում եմ, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը, և մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս բերելու համար: Իհարկե, ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, և հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար՝ նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով»:

Կարդացեք նաև

Փաշինյանը խնդրի գործնական իրագործման համար կարևոր համարեց միջազգային հանրության մոտ ճիշտ պատկերացում ձևավորելը՝ տեղի ունեցողի վերաբերյալ, և այս առումով Հավաքական անվտանգության սեպտեմբերի 13-ի նիստը, ըստ նրա, բավական արդյունավետ էր, որովհետև ոչ միայն Հայաստանի, այլև անդամ մի շարք երկրների կողմից հնչեցին գնահատականներ՝ իրադրության վերաբերյալ, որոնք ճշգրիտ համընկնում են Հայաստանի ներկայացրած մոտեցման հետ:

Տեսանյութեր

Լրահոս