ՀԱՊԿ-ում մեր դիմումը պատշաճ քննարկվել է. առաքելությունը կժամանի վաղը. Արարատ Միրզոյան
Այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարց տալուց առաջ նախ ասաց, որ իր տպավորությամբ՝ հանրային կարծիք է ձևավորվել, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական դատապարտել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական և ոչ եվրոպական երկրներ, միաժամանակ, շատերի համար անհասկանալի է ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին:
«Դեռ ավելին, ռուսական 3-րդ ալիքը տարածում է հետևյալ վերնագրով լուր՝ «ՀԱՊԿ ուժերը հրաժարվել են կոնֆլիկտում աջակցել Հայաստանին»: Խոսք են տալիս մի փորձագետի, որը պնդում է, որ իբր Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ ուժերը մտցնել այն տարածք, որտեղ տեղավորված են ռուս խաղաղապահները. նկատի ունեն Ղարաբաղը: Այսինքն, ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը, ապա խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ խնդրանքով ենք դիմել ՀԱՊԿ-ին և ի՞նչ պատասխան ենք ստացել:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց հարցին՝ նշելով.
«Միջազգային արձագանքը, այնուամենայնիվ, Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում բավականին հասցեական էր մեծամասամբ: Անշուշտ, մի շարք երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական և ուղիղ արձանագրում է, որքան որ մենք կցանկանայինք և կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքներ տարվել են և հիմա էլ շարունակվում են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն, մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը: Մնացյալը քննարկելի է և դեռ քննարկվում է, և ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդում: Կրկնում եմ՝ որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և հուսով ենք, որ վաղն արդեն առաքելությունը կժամանի»:
Մեդիա և փորձագիտական կարծիքի մասով էլ ԱԳ նախարարը նկատեց. «Մեր օրերում երևի թե մոլորակի վրա բոլոր երկրների մեդիատարածքում բավականին մեծ խառնաշփոթ կա, դա վերաբերում է և հայկական մեդիատարածքին, և ռուսական ու այլ: Եվ այստեղ զանազան փորձագետներ կամ պսևդոփորձագետներ, կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածողների պակաս, անշուշտ, չկա, բացառություն չէ տվյալ դեպքը, որ մեջբերեցիք: Ես այդտեղ միտում չէի տեսնի»:
Վիգեն Խաչատրյանն էլ շեշտեց, որ ի տարբերություն 44-օրյա պատերազմի օրերի՝ նկատում են, որ Հայաստանը հիմա մենակ չէ, տեսնում են լայն աջակցություն:
«Հաշվի առնելով ռուսական քաղաքականության առանձնահատկությունը՝ երբ իրենք ասում են, որ մերժել են, ես սկսում եմ մտածել, որ մի լավ բան արել են»,- հավելեց պատգամավորը:
Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Համաձայնեք, որ պարտավորություն չունեմ ծայրից ծայր համաձայնություն հայտնել հնչեցված մտքին, ես կօգտվեմ իմ այդ հնարավորությունից: Ուզում եմ կրկին փաստել՝ այսպիսի իրավիճակում Հայաստանի դիմումով Հավաքական անվտանգության խորհրդի նիստ և հետևաբար նաև առաքելության ուղարկում Հայաստան դեռ չէր եղել, և հիմա այդ որոշումը կայացված է»: