
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Լարվածությունը միանշանակ պահպանվում է: Դուք գիտեք, որ երեկ որոշվել է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել սահման՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ: Նրանք երկրների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի»,- ասել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի հասել հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի գոտի: «Որքան ես գիտեմ, առաքելությունը դեռ չի հասել: Ամեն դեպքում այդ որոշումը երեկ ուշ երեկոյան է ընդունվել: Առաքելությունը դեռ պետք է ձևավորվի, տեղ հասնի»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: