Կալիֆորնիան Ապրիլի 24-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», կհռչակի որպես նահանգային ոչ աշխատանքային օր
Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանին վերջապես հաջողվեց հասնել իր առաջադրած օրինագծի (AB 1801) ընդունմանը՝ Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության հիշատակի օրը, հռչակելու որպես նահանգային ոչ աշխատանքային օր։
Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում կփակվեն, իսկ նահանգի ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ։
Օրինագծի տեքստում բացատրվում է, որ «Օրենսդիրը համարում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին խորհրդածելու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը և այն խմբերի համար, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հոլոդոմորով և հայկական, ասորական, հունական, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանություններով: Ցեղասպանության հիշատակի օրը նշվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, որը նաև հայտնի է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիայի նահանգն ավանդաբար նշում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:
Այնուհետև տեքստում ասվում է, որ ապրիլի 24-ին կամ մեկ այլ օր «բոլոր պետական դպրոցներն ու կրթական հաստատություններն ամբողջ նահանգում կարող են վարժություններ անցկացնել, որոնք ֆինանսավորվում են առկա դրամական միջոցներից՝ ոգեկոչելու և հարգելու այս երկրում ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ ներդրումները: Կրթության նահանգային խորհուրդը կարող է ընդունել ուսումնական ծրագրի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի պետական դպրոցներում՝ Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների վերաբերյալ»:
Նահանգային ժողովի և Սենատի անդամներն ամիսներ շարունակ անխոնջ աշխատել են, որպեսզի Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ևս ընդունեն այս օրինագիծը: Ոդիսականն սկսվել է 2022 թվականի փետրվարի 7-ին, երբ այն ներկայացվել է Նահանգային ժողովում։ Օրինագիծն անցել է մի քանի հանձնաժողովներով՝ Կառավարական կազմակերպության՝ 20 այո, 0 ոչ. Բարձրագույն կրթության՝ 12 այո, 0 ոչ, Հատկացումների՝ 12 այո, 0 ոչ և Նահանգային ժողովի լիագումար նիստում ՝ 75 այո և 0 դեմ ձայներով, 2022 թվականի մայիսի 26-ին։
Այնուհետև օրինագիծը գնացել է Նահանգի Սենատ՝ անցնելով հետևյալ հանձնաժողովներով՝ Կառավարական կազմակերպության՝ 14 այո, 0 ոչ. Կրթության՝ 6 այո, 0 ոչ. Հատկացումների՝ 7 այո, 0 ոչ, իսկ Սենատի ամբողջական կազմում՝ 40 այո, 0 ոչ ձայներ, 2022 թվականի օգոստոսի 23-ին։ Այնուհետև օրինագիծը վերադարձվել է Նահանգային ժողով 2022 թ. օգոստոսի 24-ին՝ Սենատի փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Այն ընդունվել է 77 այո, 0 դեմ ձայներով։
Այնուհետև, 2022 թվականի օգոստոսի 31-ին օրինագիծը ներկայացվել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսըմին՝ նրա ստորագրության համար: Ես կապ հաստատեցի նահանգապետի գրասենյակի հետ և ինձ ասացին, որ նա մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը պետք է ստորագրի կամ վետո դնի օրինագծի վրա:
Ես զրուցեցի օրինագծի նախաձեռնող, նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանի հետ և շնորհավորեցի նրան այս պատմական օրինագծի ընդունման մեծ ջանքերի համար։
Հայկական համայնքի մեկ այլ մտերիմ բարեկամ՝ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ինձ ուղարկեց հետևյալ կարեկից ուղերձը․ «Կալիֆորնիայում չափազանց մեծ թվով ընտանիքներ ողբերգական կերպով տուժել են ցեղասպանությունից: Ցավոք սրտի, սա մի բան է, որը վերաբերել է բազմաթիվ մշակույթների այն ժամանակվանից, երբ օսմանյան թուրքերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացրեցին հայ ժողովրդի դեմ: Մինչ մենք սովորում ենք բնիկ ամերիկացիների նվաճման, Հոլոքոստի և մարդկության դեմ իրականացված այլ սարսափելի վայրագությունների մասին, մեր դպրոցներում ներկայումս չկա մի օր, որ խոսվի այս բոլոր վայրագությունների մասին և համախմբի մարդկանց՝ հիշելու, սիրելու և հոգալու միմյանց նկատմամբ էթնիկ համայնքներում: Վշտակցության և սփոփիչ նպատակների համար 365 օրերից մեկը պատշաճ է, և ես հպարտությամբ աջակցեցի դրան»:
Միևնույն ժամանակ, թուրք ժխտողականները լոբբինգ են իրականացնում օրինագծի դեմ՝ փորձելով համոզել նահանգապետ Նյուսըմին չստորագրել այն: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA), որը ցեղասպանությունը ժխտող տխրահռչակ կազմակերպություն է, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «Ամերիկայի թուրքական համայնքին և Թուրքիայի բարեկամներին նամակներ, ֆաքսեր և էլեկրոնային նամակներ հղել նահանգապետ Նյուսըմին՝ հորդորելով վետո դնել» Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վրա։
Ահա թե ինչ է հորդորել ATAA-ն իր աջակիցներին. «Խնդրում ենք դիմել նահանգապետ Նյուսըմին և նրա աշխատակազմին այսօր՝ համոզվելու համար, որ ձեր ձայնը լսելի դառնա: Խնդրում ենք պատճենել/տեղադրել և ուղարկել ձեր նամակի օրինակը՝ օգտագործելով էլեկտրոնային նամակը հետևալ լինքից։ Խնդրում ենք ընտրել թեման՝ AB01801\նահանգային հիշատակի օրեր՝ Ցեղասպանության հիշատակի օր։ Կամ նամակ ուղարկել՝ Պատվարժան Գևին Նյուսըմին, Կալիֆորնիա նահանգի նահանգապետ, 1021 O փողոց, սենյակ 9000, Սակրամենտո, Կալիֆորնիա 95814:
Բացի այդ, ATAA-ն հորդորել է իր աջակիցներին էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ Ջիմ ԴեԲուին, Նահանգապետի գործադիր քարտուղարին, և Դեյվիդ Սափին, նահանգապետի իրավական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալին, այս թեմայի տողով՝ «AB01801\նահանգային հիշատակի օրեր. Ցեղասպանության հիշատակի օր»։
Թուրքական ժխտողական լոբբիստական ջանքերին հակազդելու համար հայկական համայնքը պետք է հեղեղի նահանգապետ Նյուսըմի գրասենյակը էլեկտրոնային նամակներով և նամակներով՝ օգտագործելով վերը նշված հասցեները՝ կոչ անելով նրան ստորագրել AB 1801 օրենքը: Գործե՛ք արագ, քանի որ նահանգապետն իր որոշումը կկայացնի այս պահից մինչև սեպտեմբերի 30-ը։
Տեսնենք, թե ով ավելի բարձր հեղինակություն ունի Կալիֆորնիայում՝ հարյուր հազարավոր հայկական խոշոր համա՞յնքը, թե՞ մի քանի թուրքեր, որոնք ցանկանում են Կալիֆորնիա արտահանել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի