
«Կրակոցները շարունակվում են, ասում են՝ հրադադար է լինելու, բայց ի՞նչ հրադադար». Վերին Շորժայի գյուղապետ

Թշնամին շարունակում է ինտենսիվորեն կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։
«Հենց այս պահին կրակոցները շարունակվում են։ Ինքս հիմա պատրաստվում եմ իմ գյուղի կանանց և երեխաներին տարհանել։ Ասում են՝ հրադադար է լինելու, բայց ի՞նչ հրադադար, եթե հրադար լիներ, այսպես կկրակեի՞ն։ Ես հեռախոսով շատ հարցերի չեմ կարող պատասխանել, բայց իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշեց Վերին Շորժայի գյուղապետը։
Հիշեցենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես թիրախում է պահել հայկական խաղաղ բնակավայրերը, բացի այն, որ մշտապես գողացել է բնակիչների անասունները, նաև կրակելով գյուղերի վրա՝ փորձել է ահաբեկել բնակիչներին։