«Երբ ունենանք ազգային իշխանություն, հնարավոր կլինի հենվել հին բանակցային ժառանգության վրա». Էդգար Էլբակյան

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ներկայացրել է  «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը։ Պատմաքաղաքագիտական քննության ձևաչափով ստեղծված աշխատանքը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և միջազգային քաղաքական համաշարին։

Զեկույցի շնորհանդեսի ժամանակ քաղաքագետ Էդգար Էլբակյանը ներկայացնելով այս  աշխատանքի ստեղծման  անհրաժեշտությունը, նախ նշեց, որ այն իր բնույթով գիտավերլուծական է, հետևաբար՝ պահպանված են բոլոր կանոնները, որոնք պահանջվում են գիտական աշխատանքների համար։

«Գաղտնիք չէ, որ Արցախի հարցով բանակցային գործընթացի թեման ոչ միայն պատմագիտական է, այլև այժմեական, հասարակական-քաղաքական խոսույթի մաս է։ Եվ այնքանով, որքանով, որ իր առնչությունն ունի պատերազմի ծագման և նաև Հայաստանի կրած պարտության հետ, սա քաղաքականից զատ՝ ունի նաև ինքնության տեսանկյունից նշանակություն, որովհետև պատերազմում հաղթանակն էլ, պարտությունն էլ ազդում են ազգի ինքնության վրա»,- նշեց Էդգար Էլբակյանը։

Այս համատեքստում նա նաև հավելեց՝ պատահական չէ, որ թեմայի շուրջ շատ են շահարկումները, հետևաբար՝ նման գիտական աշխատանքի առաջին նպատակը բանակցային գործընթացի համապարփակ պատմությունը ներկայացնելն է եղել։

Կարդացեք նաև

«Խնդիրը բանակցությունների շուրջ հասարակական քննարկումների այն է, որ դրանք վարվում են հաճախ անձնավորված, այսինքն՝ մարդը կարող է իր անձնական քաղաքական նախասիրություններից ելնելով՝ ասել, որ այս կամ այն բանակցային առաջարկը լավ է, որովհետև այդ ժամանակ իշխողն իր սրտով էր։ Հետազոտական խնդիրը եղել է հասկանալու բանակցային գործընթացի շարժընթացը, որին մեծ անդրադարձեր չեն կատարվել։ Փորձել ենք հասկանալ 1988 թվականից սկսած մինչև 2018 և 2020 թվական որ կետից ենք սկսել և ուր ենք հասել»,- շեշտեց Է. Էլբակյանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը ստեղծվել է «Հայկական նախագիծ» ՀԿ «Հայկական ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակներում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս