Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն Փաշինյանին. Մովսես Հակոբյան․ news.am
Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար:
Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասաց. «Դա բացառվում է, եւ ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»:
Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ Փաշինյանը զարմանք է հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատեց.
«Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ եւ ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, եւ այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ:
Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետեւ ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռեւս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետեւ գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես: Դրա հմար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, եւ դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: