Բաժիններ՝

«Երբևէ չեմ լսել, որ Երևանի պետական համալսարանը կարող է դառնալ հյուրանոց․ ԵՊՀ շենքը կմնա ԵՊՀ շենք»․ ԿԳՄՍ նախարար

Կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր բուհական համակարգին, ընդունելության քննությունների խայտառակ արդյունքներին և անհետաձգելի համարել  բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումները։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, Փաշինյանի կարծիքով՝ ակադեմիական քաղաք կառուցելն ու դասավանդող կադրերին վերապատրաստելն էր։

«Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով, այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի ճիշտ՝ Աշտարակում, և միացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ․․․»,- ասել էր Փաշինյանը։

Բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխելու Կառավարության մտադրությունը բուռն քննադատությունների արժանացավ թե մասնագետների, թե շարքային քաղաքացիների կողմից։

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարարին հարցրեցին, թե որքանո՞վ է նպատակահարմար և արդյունավետ բուհերը մայրաքաղաքից Աշտարակ տեղափոխելը, արդյո՞ք այդ ահռելի ծախսերն արդարացված կլինեն, և, ի վերջո՝ ի՞նչ է լինելու Երևանում գործող բուհերի ճակատագիրը։

Կարդացեք նաև

«Նախ ծախսերից եկեք չխոսենք, որովհետև ցանկացած ծախս, ինչ միտված է կրթության որակի բարձրացմանը, արդարացված է։ Երկրորդ՝ այո, ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով։ Դա չի լինելու մեխանիկական միավորներ, լինելու է հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքը՝ ունենալ մրցունակ բուհեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, միջավայր՝ բուհական, գիտական, ինչը լիովին հնարավոր է իրագործել այն տարածքում՝ Աշտարակի, ինչի մասին հայտարարվել է․․․»։

Իսկ ի՞նչ է լինելու, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի շենքի ճակատագիրը․

«Վստահ եղեք՝ Երևանի պետական համալսարանի շենքը կմնա Երևանի պետական համալսարանի շենք»։

Հարցին՝ չի՞ տրվի որևէ օլիգարխի, կամ պարզապես կմնա շե՞նք, թե՞ այնտեղ նաև կսովորեն, ԿԳՄՍ նախարարը նույն տեքստը կրկնեց․

«Երևանի պետական համալսարանի շենքը կմնա Երևանի պետական համալսարանի շենք։ Եթե 10 անգամ տարբեր հարց տաք, 10 անգամ նույն բանն եմ ասելու։ Կմնա շենք, դասապրոցես կլինի, թե ինչ-որ ադմինիստրատիվ  կորպուս կլինի, թե․․․»։

Հյուրանոց չի՞ լինի՝ նախարարին ընդհատեցին լրագրողները։

«Ախր նման քննարկում չի եղել, որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է եղել դա։ Ես ընդհանրապես լուրջ մարդկանցից նման բան երբևէ չեմ լսել, որ Երևանի պետական համալսարանը կարող է դառնալ հյուրանոց։ Սրանից անլուրջ միտք հնարավոր չի կրթական դաշտում պատկերացնել, ուղղակի արժանի չեմ համարում, որպեսզի մենք այստեղ՝ Կառավարության շենքում, նման անմիտ մտքեր քննարկենք․․․»։

Տեսանյութեր

Լրահոս