«Պարզ երևում է մի ձեռագիր՝ ՀՀ իշխանությունները սկսում են մեղավորներ նշանակել և ամբողջ մեղքը բարդել արցախյան կողմի վրա». Արթուր Մոսիյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցով։
168.am-ը Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանից հետաքրքրվեց, թե ինչ սպասելիք ունեն ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, արդյո՞ք իրենց միջնորդության հիմքով կփոխեն Միքայել Արզումանյանի խափանման միջոցը։
«Պարզ երևում է մի ձեռագիր, որ ՀՀ իշխանությունները սկսում են մեղավորներ նշանակել և ամբողջ մեղքն ուզում են բարդել զուտ արցախյան կողմի վրա։ Մենք գիտենք բանակի մասին, ու առհասարակ ամեն ինչի մասին, հետևաբար՝ այս ամենը հստակ քայլ է, որպեսզի սլաքներն ուղղեն դեպի արցախյան կողմ։
Ինքս քննչական գործողությունների մեջ չեմ մտնի, դրա իրավասությունը չունեմ, մենք պարզապես պատգամավորներով ստորագրել ենք Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև խափանման միջոց կալանավորումը մի շարք դեպքերում է լինում, իսկ դրա հիմքերն այս դեպքում չկան, մարդը հասցե ունի, նա չի խուսափել, չի թաքնվել և այլն»,- նշեց Արթուր Մոսիյանը։
Հարցին՝ այս ձերբակալությունների և մեղադրանքների առաջադրումը մինչև ո՞ր օղակներ կարող է հասնել, օրինակ, հնարավո՞ր է՝ մի օր էլ, օրինակ, Արցախի նախագահին մեղադրանք առաջադրեն՝ Արցախյան պատերազմը տանուլ տալու համար, Արթուր Մոսիյանը պատասխանեց, որ չգիտի, թե մինչև ուր են հասնելու և Արցախի նախագահին կհասնե՞ն, թե՞ ոչ։
«Այդ հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր այս գործերն առաջ են մղում։ Ասում եմ՝ այդ միտումը հստակ երևում է՝ ամեն ինչ Արցախի վրա բարդելու համար։ Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, իսկ դրա համար պետք է սկսեն թիվ մեկ մեղավորից ու պատասխանատուից, եթե նրանից չեն սկսում, ուրեմն մեկ բան այնպես չէ»,- շեշտեց Արթուր Մոսիյանը։
Ճշտող հարցին՝ ո՞վ է թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, Արթուր Մոսիյանը պատասխանեց.
«Այդ հարցի պատասխանը բոլորն էլ գիտեն, դրա մասին այդ մարդը բացահայտ հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։ Թիվ մեկ պատասխանատուն լինում է թիվ մեկ մեղավորը, սա ես չեմ ասում՝ նա է ասել ԱԺ-ում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր՝ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 1-ին Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Սեպտեմբերին 2-ին էլ մեղադրանք առաջադրվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, նույն օրը նա հեռացվեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից։