
Արցախի նախագահը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման գործընթացին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման գործընթացին:
Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է մայրաքաղաքի բնակչության սպառման կարիքները:
Նախագահը բարձր է գնահատել ջրագծի կառուցման ծրագրի ռազմավարական նշանակությունը, նշել, որ Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև Պատարայի ջրամբարի ծրագիրը կյանքի կոչելու աշխատանքները:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք։