Ամենամեծ ինտրիգը Խաղաղության համաձայնագրի շուրջ է․ Տարասով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը, կողմերը հաստատել են իրենց մտադրությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման գործում:
«Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմակերպման գործում»,- փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հայաստանի համար շատ ավելի էական էր Պուտին-Ալիև հեռախոսազրույցի բովանդակությունը։ Ըստ հաղորդագրության` մանրամասն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։
«Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։ Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին»,- նշված էր Կրեմլի տարածած հաղորդագրությունում։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ալիևը ներկայացրել է Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, սակայն ավելի տրամաբանական է, եթե հայկական կողմը դա աներ։ Տարասովի գնահատմամբ, սա նշանակում է, որ որքան էլ բանակցությունները Բրյուսելում են, Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս շարունակում է կարևոր մնալ որպես միջնորդ, և, առանց Ռուսաստանին տեղեկացնելու, հնարավոր չէ առաջ շարժվել։
Նրա խոսքով, եթե կենտրոնանանք զրույցի բովանդակության վրա, ապա պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի ֆոնին Պուտին-Ալիև հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակը կայունացնելու և մեծ սրում թույլ չտալու նպատակով։ Թեև, ըստ նրա, ՌԴ-ն չի կարող զբաղվել յուրաքանչյուր միջադեպով։
«Քննարկվել է նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի դինամիկան, եռակողմ փաստաթղթերը, սակայն բոլոր թեմաների կենտրոնում Խաղաղության համաձայնագրի հարցն է։ Ներկայումս ամենակարևոր հարցը և ամենամեծ ինտրիգն այն է, թե որքանով է հնարավոր մոտ ապագայում նման համաձայնագիրը, ինչպես նշում է Իլհամ Ալիևը, այն շրջանցելո՞ւ է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թե՞ ոչ, ի՞նչ ձևաչափով է լինելու և ի՞նչ հարցեր է ներառելու։ Եթե Խաղաղության համաձայնագիրը կնքվի, և ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատանքը չսկսի, ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ճակատագիրը, ինչպես նաև խաղաղապահների հարցը։ Հարցերը շատ են, իսկ բանակցությունները՝ հիմնականում փակ, հրապարակային դաշտում ողողված տարաձայնություններով, սակայն գործընթացը կա՝ մեզ համար շատ անորոշություններով»,- նկատեց նա։