Բաժիններ՝

Դատախազի խորհրդականը կարո՞ղ է մեկ օր ապրել պետական դավաճանության մեջ մեղադրվողի կարգավիճակում

Օգոստոսի 25–ին Armlur.amը գրել էր, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Արթուր Սարդարյանն արդարացվել է: Վերջինիս ընտանիքի անդամները, ովքեր ահազանգել էին լրատվամիջոցի խմբագրություն, նշել էին, որ Սարդարյանն արդարացվել էր դատարանի որոշմամբ:

Իրականում, սակայն, Արթուր Սարդարյանի վրայից պետական դավաճանության՝ այդպես էլ չապացուցված հանցակազմը հանել ու վերջին պահին՝ գործը դատարան ուղարկելուց առաջ, հանցակազմը  փոխել է նախաքննական մարմինը: Այդ մասին armlur.am-ին այսօր արդեն տեղեկացրել է Արթուր Սարդարյանի պաշտպանը՝ Վահագն Քեշիշյանը:

Մինչ այդ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել այն մասին, որ՝ «նախընթաց օրերին առանձին լրատվամիջոցներ, հղում կատարելով «armlur.am» կայքում օգոստոսի 25-ին հրապարակված մի ապատեղեկատվության, գրում էին այն մասին, որ դատարանում գտնվող մի քրեական վարույթով պետական դավաճանություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Սարդարյանը դատարանի որոշմամբ արդարացվել է»:

Ապա մեղադրել էր հրապարակումն արտատպած լրատվամիջոցներին՝ գրելով. «Ավանդույթի համաձայն, այդ լրատվամիջոցներից որևէ մեկը անգամ ձևական փորձ չի արել նյութը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել տեղեկատվությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակման մեջ տեղեկատվության որևէ արժանահավատ աղբյուր նշված չէր»:

«Ի գիտություն «հավաստի աղբյուրներին» հղումներով հրապարակումները հալած յուղի տեղ ընդունող լրատվամիջոցների՝ հարկ եմ համարում նշել, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):

2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա. Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա. Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է:

Ասեմ ավելին. 2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել»,- գրել էր դատախազի խորհրդականը:

Անշուշտ, առանձին հրապարակման թեմա է նախկինում լրագրող աշխատած դատախազի խորհրդականի՝ լրատվամիջոցների հետ շփվելու էթիկական կողմը: Ողջ գրառումը կատարված է հեգնական տոնով, պետական պաշտոնյային անհարիր ոճով: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ապագա լրագրողներին դասավանդող Գոռ Աբրահամյանը պետք է որ իմանա՝ պետական պաշտոնյան իրավունք չունի գնահատականներ տալ, հեգնել, ծաղրել կամ որևէ այլ որակում տալ ԶԼՄ-ին. կա՞ հերքման անհրաժեշտություն, հերքեք, և ընթերցողն ինքը կորոշի՝ որքան արժանահավատ է այն:

Նրա մեղադրանքների բովանդակային կողմին նույնպես այսօր չենք անդրադառնա, չենք հիշեցնի, որ ամիսներով գրավոր հարցումներ ենք ուղարկել պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարուցված քրեական գործով, և որևէ բովանդակային պատասխան չենք ստացել, հատկապես, եթե հարցման մեջ տեղ է գտել «ադրբեջան» արմատով որևէ բառ:

Անդրադառնանք «հերքմանը»:

Մարդուն ամիսներ շարունակ մեղադրել են պետական դավաճանության մեջ: Ընտանիքն անասելի հոգեբանական ապրումներ մեջ է եղել, ըստ ընտանիքի՝ երեխաները դպրոց չեն գնացել՝ չտեսնելու ու չլսելու համար շրջապատի մարդկանց մեղադրող հայացքներն ու խոսքերը:

Արթուր Սարդարյանին խայտառակել են, ըստ ամենայնի «մասկի-շոու»-ով տարել են, ամբողջ բնակավայրը, ընկերներ, հարազատներ, բարեկամներ, բոլորն իմացել են, թե նա նյութական շահագրգռություն ունենալով՝ հայրենիք է դավաճանել, ադրբեջանցիներին տեղեկատվություն է տրամադրել:

Ու հիմա լրատվամիջոցին իրավական գրագիտության դասեր տվող Գոռ Աբրահամյանը նրան ու նյութն արտատպած ԶԼՄ-ներին մեաղադրում  է ապատեղեկատվություն տարածելու մեջ:

Գլխավոր դատախազի խորհրդականին ուզում ենք հարց ուղղել՝ պետական դավաճանության մեղադրանքը նմա՞ն է «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ» հանցակազմին:

Իսկ դատախազությունը հաղորդագրություն տարածե՞լ է, որ մարդը հիմա չի մեղադրվում պետական դավաճանության մեջ, այլ նրան մեղսագրվում է այլ հանցակազմ:

Իսկ դատախազի խորհրդականը կամ, Աստված մի արասցե, նրան մերձավոր որևէ մեկը կարո՞ղ է մեկ ժամ անգամ ապրել պետական դավաճանության մեջ մեղադրվողի կարգավիճակում:

Ի դեպ, 168.amի եթերում հուլիսի 12-ին հյուրընկալված ՀՀ Զինված ուժերի գումարտակի հրամանատարի տեղակալ Տարոն Կարապետյանը, ով նույնպես մեղադրվել է պետական դավաճանության մեջ, և որին կրկին ԱԱԾ-ն բեմադրված շոուով վաղ առավոտյան տարել է իր բնակության վայրից, պատմում էր, որ հիմա, երբ ինքն ազատ է արձակվել, իրենց բնակավայրի մարդկանց 70%-ը չէր կարողանում նայել իր աչքերի մեջ:

Մինչդեռ մարդն ազատ էր արձակվել հենց դատախազության միջնորդությամբ: Դատախազը կալանավորման հերթական ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ իր որոշմամբ է վերացրել կալանավորումը, քանի որ չի ապացուցվել մարդու մեղսակցությունն իրեն վերագրվող արարքին, այլ հակառակը, ապացուցվել է, որ ինքը չէր կարող մեղադրվել պետական դավաճանության մեջ:

Ի դեպ, այսօր 168.am-ի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց՝ երկու անգամ կալանքի միջնորդությունը երկարացնելու համար դատարան դիմած նախաքննական մարմինը, հասկանալով, որ խայտառակվել է, գործը «մեռած  տեղից» չի շարժում, որպեսզի ավարտի նախաքննությունն ու դատարան ուղարկի: Հետաքրքիր է՝ տեղյա՞կ է այս մասին հսկող դատախազը:

«Նոր «Քրեական օրենսգիրքը», ի տարբերություն հնի, մարդու ռեաբիլիտացիայի անհապաղ ընթացակարգ է սահմանել: Հասկանալով, որ վարույթը ենթակա է կարճման, գործը դատարան չեն ուղարկում»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Թերևս ճիշտ կլինի, որ Դատախազությունում սրա մասին մտածեն, ոչ թե ի դեմս դատախազի խորհրդականի, լրատվամիջոցներին մեղադրեն ապատեղեկատվություն տարածելու մեջ այն դեպքում, երբ միայն ԶԼՄ-ներն են, որ հետևողական են այս մարդկանց բարի համբավն ու անունը վերականգնելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս