«Ազգ-մատուցող դառնալը որևէ լավ բանի չի բերի. պետք է պատրաստվել ռևանշի». Հայկ Խալաթյան
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի կարծում, թե Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև-Շարլ Միշել հանդիպմանը որևէ փաստաթուղթ կստորագրվի:
«Կոմունիկացիաների բացման հարցով ավելի շատ Ռուսաստանի հետ են փորձելու պայմանավորվել ադրբեջանցիները, բայց նաև կփորձեն Արևմուտքի աջակցությունը ստանալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ միջազգային զարգացումների ֆոնին Արևմուտքի համար իրենց դերը շատ է մեծացել, և փորձելու են ստանալ առավելագույնը: Իսկ ես հիշեցնեմ, որ կարգավիճակի նշաձողի իջեցման մասին հայտարարությունը հենց Բրյուսելից վերադառնալուց հետո արեց Փաշինյանը: Դա խոսում է այն մասին, որ որոշակի հստակ մոտեցումներ այնտեղ դրսևորվում են, թե ինչ կերպ պետք է կարգավորվի կոնֆլիկտը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ Խալաթյանի՝ Արցախի կարգավիճակը Մոսկվայի համար վերջին լծակն է՝ ազդելու Ադրբեջանի վրա. «Արևմուտքում կարծում են, որ եթե այդ հարցը հիմա փակեն, ապա այդ լծակը կորչում է, խաղաղապահների հարցն էլ կփակվի: Իսկ խաղաղապահներին նրանք դիտարկում են՝ որպես ՌԴ երկրորդ ռազմաբազա: Միևնույն ժամանակ, ռուսական կողմն անում է հակառակը՝ ասում է՝ եկեք շատ հարցեր լուծենք, բայց կարգավիճակի հարցը թողնենք ավելի լավ ապագայի համար: Հասկանում ենք, չէ՞, որ երկու կողմն էլ առաջ են տանում իրենց շահերը, իսկ իրենց շահերից բխում է այն, որ երկու կողմն էլ ազդելու լծակ ունենա, հատկապես՝ Ադրբեջանի վրա: Եթե Հայաստանի վրա ազդելու բազում այլ լծակներ կան, ապա Ադրբեջանին, որտեղ արտահանման մոտ 90 տոկոսը էներգակիրներն են, որոնք նույնիսկ ՌԴ տարածքով չեն արտահանվում Եվրոպա, որևէ լուրջ լծակ չի մնում»:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս դժգոհել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները բացահայտ արհամարհել են ադրբեջանական կառավարության հրավերը և չեն գնացել Շուշի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանն այցելել էր Շուշի:
Հայկ Խալաթյանն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի պահվածքի վրա՝ նշելով, որ Ադրբեջանը հասկանում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դերը մեծացել է. «Ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ Արևմուտքը հստակ հայտարարել է, որ պետք է հրաժարվի ռուսական գազից և նավթից, և Ադրբեջանում վստահ են, որ այսպիսի պահվածքը կստիպի Արևմուտքին հաշվի նստել տարածաշրջանում իբր նոր իրականության հետ, որտեղ երկու գլխավոր խաղացողներն Ադրբեջանն ու Թուրքիան են»:
Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ տեսանկյունից հայ-ադրբեջանական խաղաղությունը նշանակում է՝ որևէ փաստաթուղթ, որով կողմերը կճանաչեն միմյանց սահմանները, որը զրոյի կհասցնի նոր պատերազմի հնարավորությունը և թույլ կտա տարածաշրջանում իրականացնել նախագծեր և դուրս մղել Ռուսաստանին. «Դրա գինն այս պահին Արցախն է, բայց եթե նույնիսկ ԱՄՆ-ում կամ Բրյուսելում դա չեն հասկանում կամ չեն ուզում հաշվի նստել, ապագայում, միևնույն է, դա մեզ համար խնդիրներ է բերելու՝ Սյունիք, Սևան, նույնիսկ՝ Երևան: Ալիևն իր հասարակության մոտ ասում էր՝ տեսեք՝ մեր մի երազանքն իրականացավ, մեր բոլոր մյուս երազանքները նույնպես իրականանալու են»:
Նա շեշտեց՝ Ալիևի երազանքները հօդս ցնդեցնելու համար պետք է կառուցել ուժեղ Հայաստան. «Մեր հասարակությունը պետք է հասկանա՝ ի՞նչ ապագա է իր համար ուզում, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկո՞ղ, թե՞ մենք փորձում ենք նորմալ երկիր զարգացնել: Ես շատ եմ կրկնում այն միտքը, որ մեզ պետք է պատրաստվել ռևանշի: Պատրաստվել ռևանշի չի նշանակում՝ վաղը սկսել պատերազմ: Բայց երբ դու պատրաստվում ես ռևանշի, դա քեզ կստիպի զարգացնել պետությունը, տնտեսությունը, բանակը, գիտությունը, կրթությունը, մեր հասարակությանը կոփել: Իսկ եթե երազանքն է՝ դառնալ ազգ-մատուցող, դա որևէ լավ բանի չի բերելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում