Որո՞նք են շաքարային դիաբետի ախտանիշները, ինչպե՞ս հասկանալ, որ հնարավոր է՝ կա վահանաձև գեղձի խնդիր. պարզաբանում է էնդոկրինոլոգը
Այսօր ամենապահանջված և փնտրվող բժիշկների թվում նաև ներզատաբաններն են կամ էնդոկրինոլոգները: Ներզատաբանությունն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը և ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգիական, ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում ներզատիչ համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ։ Հորմոնային կամ ներզատական համակարգն ազդում է մարդու նյութափոխանակության, աճի և բազմաթիվ այլ գործընթացների վրա:
Ամենատարածված հորմոնային խնդիրներից են՝ դիաբետը (շաքարախտ), վահանաձև գեղձի խնդիրները, կանանց կամ տղամարդկանց անպտղությունը, մակերիկամների բնածին հիպերպլազիան:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքի բժիշկ-էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ Արթուր Մելքոնյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ինչպես նաև շաքարային դիաբետի և վահանաձև գեղձի հիվանդությունների մասին:
– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ պետք է հաճախ լսել հոգու ձայնը։ Բժշկի մասնագիտությունն ընտրելն է՞լ է կապված հոգու ձայնը լսելու հետ։ Ինչո՞ւ որոշեցիք գնալ այս ուղղությամբ և ինչո՞ւ հենց էնդոկրինոլոգ։
– Ասում են, թե հոգին՝ ինտուիցիան, ներքին ձայնը, «միացված» է բացարձակ ճշմարտությանը և գիտի ամեն բան, իսկ գիտակցությունը շատ հաճախ կարող է սխալվել իր բանական և տրամաբանական որոշումներում։ Ես համոզված եմ, եթե միշտ հնարավոր լինի լսել այդ «ներքին ձայնը», հնարավոր կլինի իրագործել ամեն բան: Բժիշկ դառնալ ցանկացել եմ վաղ դպրոցական տարիքից, իսկ հենց էնդոկրինոլոգ՝ համալսարանի երկրորդ կուրսից։ Տարիներ անց այդ որոշումն ամրապնդվեց էնդոկրինոլոգիայի՝ իմ առաջին դասախոսին հանդիպելուց հետո։ Իսկ էնդոկրինոլոգիան նույնքան առեղծվածային է, որքան քվանտային ֆիզիկան։
– Երևանի 5-րդ հիվանդանոցում 1968թ․ բացվել է էնդոկրինոլոգիական առաջին բաժանմունքը, որի հիման վրա ստեղծվել է հորմոնների լաբորատորիան, իսկ 1980թ․՝ ԵՊԲՀ ներզատաբանության ամբիոնը, որտեղ ուսումնասիրվել են էնդեմիկ խպիպը, թիրեոտոքսիկոզը, շաքարային դիաբետը, թիրեոտոքսիկոզի ժամանակ սրտի ախտահարման մեխանիզմները և այլն։ Ձեր թեկնածուական աշխատանքը վերաբերել է տիպ 1 շաքարային դիաբետի պաթոգենեզին, մասնավորապես՝ աղիքային միկրոֆլորայի դերակատարմանը հիվանդության զարգացման հարցում։ Ի՞նչ են ցույց տվել ուսումնասիրությունները, հնարավո՞ր է կանխել հիվանդության զարգացումը, թե՞ այն ժառանգաբար է փոխանցվում։
– Կատարված աշխատանքը հաստատել է այն տեսակետը, որ տիպ 1 շաքարային դիաբետի զարգացման համար պատասխանատու աուտոիմուն ագրեսիան սկսվում է աղիքային միկրոֆլորայի փոփոխություններից, իսկ այդ ամենի ակունքներում, իհարկե, գենետիկ նախատրամադրվածությունն է։ Տիպ 1 շաքարային դիաբետը ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս երեխաների, երիտասարդների մոտ արտաքին միջավայրի տրիգերների ազդեցության ներքո։ Ցավոք, գիտությանը դեռ հայտնի չէ այս հիվանդությունը կանխարգելելու որևէ միջոց։
– Որո՞նք են շաքարային դիաբետի ախտանիշները։ Եթե չկա ժառանգական նախատրամադրվածություն, ապա ո՞ր տարիքից և ի՞նչ հաճախականությամբ պետք է անալիզներ հանձնել։
– Շաքարային դիաբետի հիմնական կլինիկական նշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, հաճախախմությունը, հաճախամիզությունը, քաշի կորուստը։ Այս նշանների առկայության դեպքում յուրաքանչյուր ոք պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա կամ, հնարավորության դեպքում, որոշի գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Տիպ 1 շաքարային դիաբետը հանդիպում է առավելապես երեխաների և երիտասարդների, իսկ տիպ 2 շաքարային դիաբետը՝ մեծահասակների շրջանում։ Լաբորատոր ցանկացած հետազոտություն հարկ է անցնել բժշկի նշանակմամբ։
– Վերջին տարիներին կարծես թե շատացել են վահանաձև գեղձի հիվանդությունները։ Սա պայմանավորված է յոդի անբավարարությա՞մբ, թե՞ կան գործոններ, որոնք նպաստում են հիվանդությունների այս խմբի զարգացմանը։
-Թեև Հայաստանը 2006թ․-ից ի վեր դադարել է յոդի անբավարարության շրջան լինելուց՝ կերակրի աղի յոդացման շնորհիվ, սակայն վահանաձև գեղձի հիվանդությունները շատ տարածված են՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ ողջ աշխարհում։ Վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման հարցում կրկին մեծ է գենետիկ գործոնների դերը, իհարկե, չի կարելի բացառել և շրջակա միջավայրի բազմաթիվ գործոնների ազդեցությունը։ Այս հիվանդություններով հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել նաև 21-րդ դարում նրանց առավել վաղ հայտնաբերմամբ և ախտորոշմամբ ուլտրաձայնային հետազոտությունների լայն կիրառման շնորհիվ։
– Ինչպե՞ս հասկանալ, որ հնարավոր է՝ կա վահանաձև գեղձի խնդիր։
– Վահանաձև գեղձի խնդիրներով անձինք կարող են ունենալ ոչ սպեցիֆիկ գանգատներ՝ խեղդոցի զգացում, ընդհանուր թուլություն, քնկոտություն, սրտխփոց, մարմնի դող, մազաթափություն, դաշտանային ցիկլի խանգարումներ։ Հաճախ, եթե գեղձի ֆունկցիան խանգարված չէ, հիվանդները կարող են որևէ գանգատ չունենալ։ Սպեցիֆիկ կլինիկական նշանների բացակայությունն առավել ընդգծում է հիվանդի առաջնային զննման կարևորությունը բժշկի կողմից։
– Առավել հաճախ վահանաձև գեղձի հանգույցներ հանդիպում են կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ։
– Վահանաձև գեղձի բոլոր հիվանդությունները, այդ թվում՝ հանգույցները, կանանց «մենաշնորհն» են։ Վերջինները հազվադեպ հանդիպում են նաև տղամարդկանց մոտ, ընդ որում՝ այս դեպքում բժիշկն առավել աչալուրջ պետք է լինի հնարավոր ռիսկերը գնահատելիս։
– Շատ հաճախ, երբ նշանակում են հորմոնալ դեղամիջոց, մարդիկ խուսափում են խմել՝ մտածելով, որ կգիրանան կամ կվնասեն լյարդը, երիկամները։ Որքանո՞վ են անվտանգ այս պրեպարատները։ Կա՞ վահանաձև գեղձի հիվանդությունները բուժելու այլ տարբերակ, ինչպես տատիկներն են ասում, «չհասած ընկույզ կերեք, շատ յոդ է պարունակում» և այլն։
– Վահանաձև գեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդության բուժման ժամանակ նշանակվում է «Լևոթիրոքսին» հորմոնալ դեղամիջոց։ Վերջինս իրենից ներկայացնում է վահանաձև գեղձում արտադրվող հորմոնը, որի պակասն էլ այդ հիվանդության ժամանակ լրացնում ենք «դրսից» դեղամիջոցն ընդունելով՝ խմելով։ Բժշկի կողմից ճիշտ ցուցումով և ճշգրիտ դեղաչափով նշանակման դեպքում այս պրեպարատը հեշտ տանելի և բացարձակ անվնաս է օրգանիզմի համար։ Առհասարակ, ցանկացած դեղամիջոց նշանակելիս, հատկապես՝ հորմոնալ, բժիշկը պետք է հաշվի նստի հնարավոր օգուտի և վնասի հետ։ Հարկ է գնահատել դեղամիջոցի բուժական, կողմնակի էֆեկտները, դրա արժեքը, ընդունման հարմարավետությունը հիվանդի համար։ Իսկ տատիկների բուժական սխեմաները հաճախ խիստ մարդկային են, բայց զուրկ ապացուցողական հենքից․ յոդի դեֆիցիտով տարածաշրջանում մրգերն ու բանջարեղենը չեն կարող հարուստ լինել յոդով։ Ինչպես նշեցի, մեզ մոտ յոդի դեֆիցիտը շտկվել է կերակրի աղի համընդհանուր յոդացմամբ։