«Կազմակերպիչներին ասել եմ, որ այդ խումբը մեզ մոտ չի կարող գալ». Մարզահամերգային համալիրի տնօրեն
Արդեն մի քանի օր է, համացանցում ակտիվ քննարկվում է, որ հոկտեմբերի 23-ին «InDrive Music Fest»-ի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունենալու ադրբեջանական Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որոնց կազմում կան մի քանի հայատյաց ադրբեջանցի երգիչ՝ JONY-ը, Hamali-ն և Navai-ն և Էմին Ագալարովը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
168.am-ը Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, որ համալիրում ադրբեջանցիներ են ելույթ ունենալու։
«Նման բան չկա, Մարզահամերգային համալիրը վերցրել են ոչ թե հոկտեմբերի 23-ին մեկ համերգ անելու համար, այլ դահլիճը վերցրել են, որ 3 օր փառատոնային տիպի բան անեն։ Փառատոնին մասնակցելու են տարբեր խմբեր ու մասնակիցներ։
Ինքս նոր եմ ճշտել, որ ամսի 23-ին մի խումբ է լինելու, որտեղ որևէ ադրբեջանցի չկա, գնչուներ են, նրանց պրոդյուսերը ռուս է, պարզապես նրանք Ագալարովի և լեյբլիի տակ են աշխատում, որի տակ աշխատում են նաև բազմաթիվ հայ երաժիշտներ։ Սակայն այդ ամենը մեզ չի խանգարել, որպեսզի կազմակերպիչներին ասենք, որ մենք այդ խմբին, այսպես թե այնպես, չենք ընդունի։ Հաշվի առնելով այն, որ ճիշտ է, իրենք ադրբեջանցի չեն, բայց գործեր ունեն ադրբեջանցիների հետ համատեղ, այսպես ասած՝ իրենց մշակույթը զարգացնող, առաջ տվող։ Դրա համար ես կազմակերպիչներին ասել եմ, որ այդ խումբը մեզ մոտ չի կարող գալ»,- եզրափակեց Կարեն Ղազարյանը։
168.am-ը դիմեց նաև «InDrive Music Fest»-ի կազմակերպիչներին՝ պարզելու՝ Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որոնց մասին բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր իրենց դժգոհությունն են հայտնել, որ հոկտեմբերի 23-ին Մարզահամերգային համալիրում ելույթ են ունենալու ադրբեջանական լեյբլի երգիչները, ի վերջո փառատոնին մասնակցելո՞ւ է այդ խումբը, թե՞ ոչ, և ինչպե՞ս են որոշել, որ այդ խմբին են հրավիրել մասնակցելու փառատոնին։
Ի պատասխան մեր հարցերի, կազմակերպիչները մասնավորապես նշեցին.
«Ատլանտիկը դա ամերիկյան լեյբլ է, որն ունի մասնաճյուղ Ռուսաստանում, այո, ղեկավարներից կան ադրբեջանցի, իհարկե։ Բայց Ատլանտիկը, արդեն կես տարի է՝ չի գործում։ Երգիչները մեկը ցիգան է, մյուսը՝ ղազախ: Այս պահին իրենք գործում են որպես անհատ, այլ ոչ թե ատլանտիկի արտիստ։ Մեզ հետաքրքիր չէ կազմակերպել մի համերգ, որն այսպիսի դժգոհություն կարող է արթնացնել հասարակության մեջ։ Եվ իհարկե, չնայած նրան, որ տարածվում է ոչ իրական ինֆորմացիա, միևնույն է՝ մասսայական դժգոհության դեմ անիմաստ է դնել և ապացուցել, որ դա այդպես չէ»։