Հայաստանը տվե՞լ է համաձայնություն. Ադրբեջանը հյուրի կարգավիճակով մասնակցեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Այսօր Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև Ադրբեջանի վարչապետը:

Սա նման կարգավիճակով Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցչի առաջին մասնակցությունն էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի: Ալի Ասադովը դրան մասնակցելու հնարավորության համար հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Բելառուսի վարչապետներին։

Ասադովը նշել է, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր պետությունների հետ, ուստի պատրաստ է ստեղծել պայմանները, որպեսզի նրանք կարողանան օգտագործել Ադրբեջանի տարանցիկ ներուժը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, որը լավ հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև նոր տրանսպորտային և առևտրային ուղիների բացման համար։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ իր հերթին ուրախությամբ արձագանքել է ԵԱՏՄ նիստին Ասադովի մասնակցությանը։

Ավելի վաղ նա Ասադովի հետ հանդիպմանը շեշտել էր, թե հրաշալի է, երբ Ադրբեջանն ուշադիր հետևում է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացներին։

Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է ԵԱՏՄ նիստին, նույնպես ելույթ է ունեցել և ողջունել հյուրի կարգավիճակով մասնակցող երկրներին՝ Ադրբեջանին ու Ուզբեկստանին:

Հայաստանի համար այս ամենում հետաքրքրականն այն հանգամանքն է՝ արդյոք Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, համաձայնե՞լ է, որպեսզի Ադրբեջանը հյուրընկալվի ԵԱՏՄ միջոցառման, թե՞ ոչ: Մյուս կարևոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանը համաձայն է, որպեսզի Ադրբեջանը ստանա դիտորդ երկրի կարգավիճակ ԵԱՏՄ-ում:

168.am-ն այս հարցերի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ-ից, և ստանալուն պես այն կհրապարակենք:

Սակայն հարկ է հիշեցնել, որ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի առցանց այսպես կոչված մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե խոսակցությունը բնական զարգացում և շարունակություն է ունենալու, և հայկական կողմը տեսնի հարաբերությունների ընդհանուր կարգավորման հեռանկարը, ապա Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը լրջորեն կդիտարկեն:

Արդյոք Երևանը դիտարկո՞ւմ է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը, ու դրա համար ի՞նչ քայլեր է ակնկալում Ադրբեջանի իշխանությունից, Փաշինյանը պատասխանել էր.

«Եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, բոլոր դեպքերում կդիտարկենք։ Մեր դիրքորոշումը կախված կլինի այն խոսակցության շարունակության վեկտորից, որի մասին ես ասում եմ։ Այսինքն՝ ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետև նախ հարցը պաշտոնապես սեղանին չի, բայց եթե նույնիսկ սեղանին է, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր այն խոսակցությունից։ Եթե մենք տեսնում ենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը և այլն, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի. եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»:

Այս ասուլիսին նախորդել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ԵՏԲԽ պատվավոր նախագահ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալ:

Ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսի 1-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ հայկական կողմը դեմ է եղել հյուրի կարգավիճակով Ադրբեջանի մասնակցությանը Կազանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուս, բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը»,- ասել էր այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ նշել էր, որ «Ադրբեջանի մասնակցության հարցը դեռ լուծված չէ»:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ՝ դատելով այս թեմայի շուրջ իրադարձությունների ընթացքից, կարելի է ենթադրել, որ ընդհանուր առմամբ համաձայնությունները կայացված են և տրված:

Ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի «դեմ» դիրքորոշման պարագայում այս թեմային ներկայումս ընթացք տրվեր, քանի որ դա կարող էր ԵԱՏՄ-ում աղմուկի պատճառ դառնալ, ուստի սա պետք է դիտարկել կոնսենսուսային մոտեցում, որն իրականացրել է Ռուսաստանը:

«Եթե պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ընթանում են դժվար, բայց կարգավորման ճանապարհով, ապա կարծես այս հարցում Հայաստանն այլևս բացասական դիրքորոշում ունենալու պատճառ չունի»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Մյուս կողմից, ըստ նրա՝ ներկայումս Ռուսաստանին ու ԵԱՏՄ-ին հարկավոր է ցույց տալ դիվանագիտական ակտիվություն, հետաքրքրություն Ռուսաստանի ու Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն միությունների շուրջ, ուստի ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի ու Ուզբեկստանի մասնակցությունը, նույնիսկ հետագայում անդամակցությունը գուցե մեծ փոփոխությունների չհանգեցնի ԵԱՏՄ-ն, որպես կառույց, սակայն այս ամենն ունի դիվանագիտական կարևորություն Ռուսաստանի համար:

«Պետք է նաև ասել, որ հյուրի կարգավիճակով մասնակցությունն իր հերթին չպետք է գերագնահատել, քանի որ Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է վարում, որպեսզի կարողանա ճկուն արտաքին քաղաքականություն վարել, ուստի ԵԱՏՄ անդամակցության թեման Ադրբեջանը լավագույնս շրջանառելու է և օգտագործելու իր օգտին եվրասիական տարածքում: Ուստի միայն հյուրի կարգավիճակով մասնակցությունը, կարծում եմ, երաշխիք չէ, որ այս ուղղությամբ հեշտ գործընթացներ են լինելու, հատկապես, երբ Ռուսաստանի իրավիճակն Ադրբեջանի համար ևս գայթակղիչ չէ»,- նկատեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս