Ինչո՞ւ ԱՄՆ-ը Ֆիլիպ Ռիքերին նշանակեց բանակցող՝ երկու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- Թվիթերյան իր էջում այս նշանակման մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը»,- նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտը նշել էր նաև, որ Ռիքերը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, 2019 թվականի մարտից մինչև 2021-ի օգոստոս՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը, տարբեր տարիների զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի, այլ պաշտոններ:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ Ուկրաինայի տարածքում պատերազմի շրջանում քաղաքական փոփոխություններ է կատարում՝ իր քաղաքականությունն ավելի արդյունավետ վարելու նպատակով:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը այդպես է վարվում՝ հասկանալով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այսօր մեծ զբաղվածություն չունի, ուստի արդյունավետ չէ առանձին հաստիք ունենալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի համար՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը կարող է ունենալ Հարավային Կովկասում ներկայացուցիչ, ով կարող է ներգրավված լինել մի շարք ուղղություններով և տանել մեկ գիծ՝ ԱՄՆ քաղաքականությունը: Սա, ըստ Մենաղարիշվիլիի, նաև նշանակում է, որ Հարավային Կովկասն ԱՄՆ-ը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն, ու առանձին երկրների հետ հարաբերվում է ոչ այնքան առանձին օրակարգերով, հարմարվելով առանձին երկրների կարիքներին, որքան մեկ միասնական՝ փաթեթային տարբերակով, ինչը ևս տրամաբանական է ԱՄՆ-ի նման երկրի դեպքում:

«Ինչո՞ւ մեկ տարածաշրջանում՝ երկու ավելի թեթև ուղղություններով բանակցությունների համար ունենալ երկու դիվանագետ, եթե կարող է լինել մեկը՝ հատկապես, երբ Ռուսաստանի դեմ ԱՄՆ քաղաքականության ծանրակշիռ բեռն այս պահին Հարավային Կովկասի վրա չէ, և ավելի օպտիմալ է այս տարբերակը: Սակայն Ռիքերը փորձառու դիվանագետ է, նրա նշանակումն առանձնահատուկ կարևորություն է տալիս այս պաշտոնին և ընդգծում ռեգիոնի կարևորությունը ԱՄՆ-ի համար, որը պայմանավորված է այս ռեգիոնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ներկայությամբ տարբեր աստիճանների: Այս նշանակմամբ, որքան էլ ԵԱՀԿ ՄԽ-ն չի գործում, ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս ձևաչափի վերականգնման նկատմամբ հավատը: Սակայն, հաշվի առնելով նաև այն, որ Ուկրաինայում պատերազմից հետո ռեգիոնալ երկրների հետ ԱՄՆ-ը ակտիվացրել է իր աշխատանքը, միայն մեկ դիվանագետի և նրա նշանակման վրա կենտրոնանալ պետք չէ, քանի որ Պետդեպարտամենտն աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ, և ինչպես այցերն են հաճախակիացել դեպի Հարավային Կովկաս, այնպես էլ հեռախոսազանգերը և աշխատանքը մեր տարածաշրջանում»,- նկատեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս