Ապօրինի գույքի բռնագանձման 12 վարույթ՝ դատարանում

Ժամանակ առ ժամանակ դատախազությունը հաղորդագրություն է տարածում հերթական նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական վարույթի մասին: Ներկայացնում են տպավորիչ մանրամասներ, թվեր, թե այս կամ այն նախկին պաշտոնյան պետությունից որքան գումար է թալանել, և իր ունեցած գույքի հատկապես ո՞ր մասն է համարվում ապօրինի ծագում ունեցող:

Իհարկե, չեն նշում՝ ինչո՞ւ: Դա 7 կողպեքի հետևում պահվող գաղտնիք է, և հենց այստեղ է այս վարույթների մեխը: Իրականում դատախազության համար շատ դժվար է լինելու որևէ մեկից որևէ գույք բռնագանձել, որովհետև օրենքում այնքան բացեր կան, որ լավ պաշտպանվելու դեպքում դատախազության համար շատ դժվար է լինելու դատարանում պաշտպանել իր մեղադրանքը: Բացի դրանից, Հայաստանի նման երկրում շատ դժվար է լինելու որևէ մեկից բռնագանձված գույքի համար գնորդ գտնելը:

Այս հաղորդագրությունները ավելի շատ քարոզչական նպատակ ունեն, և ՔՊ-ական իշխանությունը, իր ընտրողի գլխի տակ փափուկ բարձ դնելով, փորձում է ժամանակ ձգել, ամրապնդել իր իշխանությունը, որովհետև երկրում հիմա էլ կան մարդիկ, և նրանց թիվը փոքր չէ, ովքեր հավատում են՝ իբրև թե «նախկին թալանչիներից» հարստությունը պետք է խլեն և բաժանեն իրենց: Բացի դրանից, երբևէ անպայման գործելու է բումերանգի օրենքը, երբ ժամանակ անց՝ հաջորդ իշխանության օրոք, բացահայտվի ՔՊ-ական իշխանության մեծ ու փոքր չինովնիկների թալանը ու նրանց ձեռք բերած ապօրինի գույքը: Մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այս իշխանության ներկայացուցիչների բանկային հաշիվների, դրսում՝ օֆշորներում կուտակած գումարների, արտերկրում և Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքերի, բիզնեսների մասին:  Ինչևէ:

Շուրջ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 27-ին, ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված 12-րդ հայցադիմումն է ընդունվել վարույթ: Այն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:

Կարդացեք նաև

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:

Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:

19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

«Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ»,- նշված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

 168.am-ը դիմեց Դատախազություն՝ խնդրելով նշել՝ ովքե՞ր են մնացած 11 անձինք:

«Ընդհանուր առմամբ ներկայացված հայցերը վերաբերում են Սերոբ Հարությունյանին, Վլադիմիր Գասպարյանին, Արամ Հարությունյանին, Արամ Վարդանյանին, Վահրամ Գուրօղլյանին, Գալուստ Գրիգորյանին, Արտակ Յայլոյանին, Փայլակ Յայլոյանին, Սեյրան Օհանյանին, Գագիկ Բեգլարյանին, Վաչագան Ղազարյանին, Մանվել Գրիգորյանին, Սուրիկ Խաչատրյանին, Նարեկ Սարգսյանին և նրանց հետ փոխակապակցված անձանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձմանը»,- ասացին Դատախազությունից:

Հիշեցնենք՝ վարույթները վերաբերում են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Նուբարաշեն» (ՔԿՀ) նախկին պետ Սերոբ Հարությունյանին, ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, քրեական հեղինակություն Արամ Վարդանյանին (Վստրեչի Ապեր), Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահրամ Գուրօղլյանին, Գալուստ Գրիգորյանին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին ու նրա որդուն՝ Արտակ Յայլոյանին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Տրանսպորտի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, Վաչագան Սարգսյանին, գեներալ Մանվել Գրիգորյանին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին և նրանց հետ փոխկապակցված անձանց:

Ընդհանուր առմամբ, ըստ Դատախազության, այս պահին չավարտված՝ 307 գործ կա 307 անձի վերաբերյալ: Ուշագրավ է սակայն, որ, օրինակ, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և քննվող՝  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից առերևույթ կատարված յուրացումներին, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական կեղծիքին և փողերի լվացմանը վերաբերող քրեական գործով անցնող Գալուստ Գրիգորյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ վարույթն արդեն դատարանում է, սակայն Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործը փաստացի դեռ ավարտված չէ:

Հիշեցնենք, որ 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը առաջինը խոսում էին հենց Գագիկ Խաչատրյանի ունեցվածքից՝ հնչեցնելով նրա անունը, սակայն, ինչպես տեսնում եք, գործը դեռ դատարան չի հասել:

Հիշեցնենք նաև, որ ս/թ մայիսի 19-ին Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Գագիկ Խաչատրյանի ամերիկյան առանձնատան հարցով այդ անձանց մասով քննարկումներն ԱՄՆ գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ապօրինի ծագում ունեցող ստորաբաժանման կազմավորումն էր՝ դեռևս 2018-2019 թվականներից: Գալյանի խոսքով` քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, և գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին:

Ըստ դատախազի տեղակալի` Գագիկ Խաչատրյանի այդ գույքի վերադարձի վերաբերյալ խոսելը դեռ վաղ է, ԱՄՆ-ում ևս որոշակի իրավական գործընթաց է ընթանում, սակայն նա վստահեցրեց` Հայաստանի դատախազությունը ներգրավվածություն ունի այդ գործում:

«ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է դատախազության գործողությունների ամբողջությունը»,- ասել էր Սրբուհի Գալյանը:

Տեսանյութեր

Լրահոս