Ոչ միայն մասնավոր, այլև պետական բուհերի որոշակի «օպտիմալացում» կլինի. կրթության փորձագետ
Այս տարի միասնական ընդունելության քննություններին հայտագրված 13.887 դիմորդից քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
Թափուր տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են, որոնց հատկացված է եղել 7500 տեղ, համալրվել է 131-ը:
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն. և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ Քիմիա, Աշխարհագրություն, Երկրաբանություն, Քիմիական տեխնոլոգիաներ»,- ավելի վաղ հայտնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ՝ ավելացնելով, որ հումանիտար-հասարակագիտական մասնագիտությունների ոլորտում ևս թափուր տեղեր կան: Նա առանձնացրել է Մանկավարժական համալսարանում Սուրդոմանկավարժություն, Մշակութաբանություն, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտությունները:
Պատկերն ընդհանրական է գրեթե բոլոր բուհերի համար:
168.am-ը նախորդ անգամ ներկայացրել էր պետական համալսարաններում, մարզային մասնաճյուղերում և մասնավոր համալսարաններում թափուր մնացած տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեցին՝ գուցե չպե՞տք է պետական և մասնավոր բուհերում ընդունելության նույն կարգը լիներ, որպեսզի նման պատկեր չլիներ, վերջինը նշեց, որ այլ կերպ չէին կարող անել, որովհետև պետական պատվեր կա նաև մասնավոր բուհերի համար: Այսինքն, պետությունը որոշակի տեղեր վճարում է նաև մասնավոր բուհերում: Կրթաթոշակ է տալիս, անվճար տեղեր կան:
«Քանի որ բուհերը հայտեր են ներկայացնում, լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, որոշում է, թե որ բուհին քանի անվճար տեղ հատկացնի: Վճարովի տեղերի դեպքում որևէ սահմանափակում չկա: Սակայն ստացվում է, որ անվճար տեղերն էլ ամբողջությամբ չեն լրանում: Վճարովի տեղեր էլ շատ են ուզել, որ կարող է՝ դիմորդներ լինեին, չնայած այս տարի խայտառակ վիճակ եղավ. Դիմորդների 20 տոկոսից ավելին կտրվեց: Վերջին տարիներին դիմորդների թվի պակասելու միտում կա, իսկ այսպես ասած՝ բարեփոխումները երևացին գնահատականների ցածր լինելով: Անցած տարիների համեմաատ ավելի վատ արդյունք մենք ստացանք: 20 տոկոսից ավելին կտրվեց մաթեմատիկայից, կենսաբանությունից գրեթե 3-ից մեկը բացասական գնահատական ստացավ: Մանկավարժական համալսարանում, օրինակ, «Կենսաբանության» համար 15 դիմորդ կար, նրանցից ոչ ոք դրական միավոր չհավաքեց, որ ընդունվեր: Ընդամենը մեկ հոգի ընդունվել է «Ֆիզիկա» մասնագիտությամբ: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. դիմորդների թիվը, գիտելիքները պակասել են»,- մեզ հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով, երկու առարկայից քննություն հանձնելը նշանակում է՝ ով բարձր գիտելիքներ ունի, պարզ է, որ կգնա ավելի բարձր վարձատրություն ուենցող մասնագիտություններ և բուհեր:
«Եվ, քանի որ անվճար տեղերը շատ էին, վճարովի տեղերը՝ գրեթե անսահմանափակ, բոլոր գիտելիք ունեցողներն ընդունվեցին բարձր վարկանիշ ունեցող բուհեր և մասնագիտություններ ընտրեցին: Օրինակ, Տնտեսագիտական համալսարանը շատ լավ արդյունք ցույց տվեց՝ բոլորը կդառնան տնտեսագետ, ֆինանսիստ և այլն: Ու սա էր պատճառը, որ ստրատեգիական նշանակություն ունեցող Ագրարային համալսարանում շուրջ 1000 տեղից զբաղեցվեց ընդամենը 38-ը: Իսկ կառավարությունն այդ ոլորտը հայտարարում է առաջնային: Բայց մի քանի տարի հետո մասնագետ ընդհանրապես չենք ունենալու: Այսինքն, փոփոխությունները, որոնք արվում են կրթական, ընդունելության համակարգում՝ բոլորը բացասական արդյունք են ցույց տալիս: Սրանից հետո գոնե ինչ-որ փոփոխություն անելուց առաջ հարցնեն մարդկանց՝ նոր իրականացնեն, թե չէ նորից «կոտրած տաշտակի առջև ենք բոլորս կանգնելու»»,- մանրամասնեց կրթության փորձագետը:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքին, որ բուհերը պետք է վերանայեն իրենց մասնագիտությունների ցանկը, կրթական ծրագրերի ցանկը, Ատոմ Մխիթարյանը նկատեց . «Դա ի՞նչ է նշանակում: Պետությունն է որոշում: Կարող է՝ մասնավոր բուհն ասում է, որ 1000 իրավաբան կպատրաստի. հիմա պետությունը պետք է ասի՝ այո, պատրաստի՞ր: Անհասկանալի մոտեցում է: Պետությունը կամ պետք է դաշտը կարգավորի, կամ ձեռքերը լվանա՝ հեռու գնա, դաշտն ազատ թողնի: Բայց հիմա պետությունը խառնվում է ընդունելության քննություններին՝ տեղեր է հատկացնում, թիվ է սահմանում և այլն, սակայն այն մարդիկ, ովքեր ընդունվում են, լավ արդյունքներով ավարտում են, ոչ մի պատասխանատվություն պետությունը չի կրում, օրինակ, նման մարդկանց աշխատանքի տեղավորելու հարցում: Նույնիսկ նրանց ճակատագրով չեն էլ հետաքրքրվում: Եվ այս դեպքում դու ինչո՞ւ ես կարգավորում ընդունելությունը: Եթե վերջում պատասխանատվություն չես կրելու, ուրեմն ընդունելության դեպքում որևէ դերակատարություն քեզ մի վերապահի: Հարց՝ ո՞ր հետազոտության հիման վրա են այդ տեղերը հատկացնում: Ոչ մի հիմք չկա դրա համար, պատահական թվեր են գրում, հետո էլ ասում են, թե՝ քիչ հայտեր տվեք: Որևէ հետազոտություն չի արվում»:
Հարցին՝ այս պատկերը ենթադրում է, որ որոշ մասնավոր բուհեր կփակվե՞ն, կրթության փորձագետը պատասխանեց. «Ոչ միայն մասնավոր, այլև պետական բուհերի որոշակի «օպտիմալացում» կլինի: Բուհը չի կարող գոյատևել, եթե առաջին կուրսեցիների թիվն ընդամենը 38 է: Թող լինի 100 հոգի: Այդքան մարդու համար դասախոս, ադմինիստրատիվ աշխատող պահելը ձեռնտու չէ: Ստացվում է՝ բուհերը կամ պետք է միավորվեն, կամ որոշները փակվեն»:
Ատոմ Մխիթարյանը կարևորեց նաև մասնագիտական կողմնորոշման խնդիրը, որը, ըստ նրա, կրկին պետության աշխատանքն է:
«Երբ ասում են՝ պետությունը պետք է կառավարի բուհերը, կառավարման մարմնում պետք է ունենա մեծամասնություն, դե գնա, աշաակերտների հետ խոսիր, բեր քո պետական բուհերում թող սովորեն և հետո պետության համար աշխատեն: Կամ թող բուհերն ինքնակառավարվեն, մասնագիտական կողմնորոշման համար այցելեն դպրոցներ, հանդիպեն գործարարներին և այլն»,- եզրափակեց կրթության փորձագետը: