Բաժիններ՝

Մարզային բուհերում թափուր են մնացել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների տեղերը

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն: Նախորդ տարվա համեմատ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն, և նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիական տեխնոլոգիաներ»,- օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը՝ հավելելով, որ այս տարի հայտագրված դիմորդների թիվը եղել է 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

168.am-ը նախորդ անգամ ներկայացրել էր  պետական համալսարաններում թափուր մնացած տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Այս անգամ ներկայացնում ենք պետական համալսարանների մարզային մասնաճյուղերի, ինչպես նաև մարզերում գործող համալսարաններն ու թափուր տեղերը: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են:

Այսպես, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում առկա է 13 թափուր տեղ, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնում՝ 16, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում՝ 6, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» բաժնում՝ 9, «Դիզայն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժիններում էլ առկա է համապատասխանաբար 24 և 23 ազատ տեղ:

Կարդացեք նաև

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Էլեկտրոնիկա» բաժնում առկա է 1 անվճար և 5 վճարովի տեղ: «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում թափուր է վճարովի 6 տեղ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Մեքենաշինություն և նյութերի մշակում» բաժնում թափուր է մնացել 5 անվճար և 10 վճարովի տեղ: 4 անվճար և 10 վճարովի թափուր տեղ է առկա «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժնում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շենքերի նախագծում» բաժնում թափուր է վճարովի 34 տեղ:

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնում (ըստ ոլորտի) թափուր է վճարովի 20 տեղ, «Կենսաբանություն» բաժնում՝ 17, «Աշխարհագրություն» բաժնում՝ 1 անվճար, 14 վճարովի տեղ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում՝ 21, «Դեկորատիվ կիրառական արվեստ»-ում 17 վճարովի թափուր տեղ է առկա:

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բաժնում թափուր է մնացել 13 վճարովի տեղ, «Կերպարվեստ» և «Երաժշտական կրթություն», «Սերվիս» բաժիններում, համապատասխանաբար, 3, 8 և 5 թափուր տեղ է մնացել:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի «Գործիքային կատարողականություն-դաշնամուր» բաժնում թափուր է մնացել՝ 3, «Երաժշտական արվեստ»-ում՝ 2, «Գործիքային կատարողականություն-ջութակ»-ում՝ 2, «Երաժշտական կրթություն»-ում՝ 22 տեղ:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի «Դիզայն» բաժնում թափուր է մնացել՝ 8, «Գեղանկարչություն»՝ 6, «Քանդակագործություն»՝ 8, «Արվեստաբանություն»՝ 9 տեղ:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժնում էլ թափուր է մնացել 9 տեղ:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի «Դերասանական արվեստ» բաժնում թափուր է՝ 13, «Պարարվեստ»՝ 9, «Օպերատորություն»՝ 3, և «Կինոարվեստ», «Ռեժիսուրա»՝ 2-ական տեղ:

«Դերասանական արվեստ» բաժինը թափուր տեղեր ունի նաև Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: «Պարարվեստ» բաժնում առկա է՝ 8, «Ռեժիսուրա»՝ 4 թափուր տեղ:

Գավառի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում թափուր է մնացել 9 տեղ, «Ֆինանսներ» (ըստ ոլորտի) և «Տնտեսագիտություն» բաժիններում առկա է 13-ական թափուր տեղ:

Գորիսի պետական համալսարանի «Կենսաբանություն» բաժնում թափուր է 12 վճարովի և 2 անվճար տեղ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 1 անվճար և 14 վճարովի տեղ է թափուր, իսկ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնում՝ 9:

Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում թափուր է՝ 10, «Մասնագիտական մանկավարժություն-Պատմություն»՝ 22, «Մասնագիտական մանկավարժություն-հայոց լեզու և գրականություն»՝ 7 տեղ:

Հավելենք, որ բուհերի հեռակա ընդունելության քննությունները դեռևս չեն մեկնարկել: Հայտագրումները սկսվում են սեպտեմբերի 5-25-ը, քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին 10-օրյակում:

Տեսանյութեր

Լրահոս