«Հավերժ երիտասարդ, հավերժ գեղեցիկ ու սիրված․ Ադամս դարձավ 26 տարեկան»․ Գայանե Անտոնյան
Ապրիլյան քառօրյա պատերազմում թշնամու դեմ մինչև վերջին շունչը կռված և անմահացած Ադամ Սահակյանն այսօր կդառնար 26 տարեկան։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Ադամի շիրիմի մոտ, հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, ընկերները, հարազատները, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծառայություն իրականացնող սպայական կազմը։
Ադամի մայրը՝ Գայանե Անտոնյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հատկապես վերջին տարիներին ավանդույթ է դարձել, բազմաթիվ քաղաքացիներից գիշերվանից արդեն զանգեր, շնորհավորական նամակներ են ստանում Ադամի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ադամս արդեն դարձավ 26 տարեկան։ Հավերժ երիտասարդ, հավերժ գեղեցիկ ու սիրված։ Աշխարհի տարբեր կողմերից ես շնորհավորանքներ եմ ստանում, երեկվանից շնորհավորում են Ադամին։ Գիտեք՝ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց համոզված եմ, որ միևնույն է ազգը վերցնում է իր սիրած հերոսներին, նրանցով ապրում է, նրանցից օրինակ է վերցնում։ Այս համաժողովրդական արձագանքից եմ զգում Ադամի հանդեպ սերը, և մեր հերոսներին որպես ուղեցույց, որպես արժեք, որպես կրթվելու, դաստիարակվելու․․․ Այնքան սիրուն խոսքեր, օրհնություն եմ ստանում այս օրը՝ Ադամի ծննդյան օրը, որքան էլ դժվար է, դրա հետ մեկտեղ՝ կա նաև այդ աստվածային խաղաղությունը, և ես գիտեմ, որ նա Աստծո գրկում իր հզոր, սրբացած ընկերների հետ նշում է իր հերթական ծննդյան օրը։ Թող Ադամը և իր զինակից ընկերները մեր ազգին, մեր երկրին հովանավորեն, որ հարատև խաղաղություն լինի․․․»։
Ադամի ծննդյան տարեդարձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր եկել նաև Սահակյանների ընտանիքի բարեկամ դարձած Գոհար Նավասարդյանը, որ Ադամի ծնողների հետ 6 տարի առաջ է ծանոթացել հենց Եռաբլուրում․
«Ադամի ծնողների հետ հենց այստեղ եմ ծանոթացել՝ քառօրյայից հետո, տղաները նոր էին այստեղ թաղված։ Երկար ժամանակ փորձում էի կապի դուրս գալ Ադամի ծնողների հետ, բայց համարձակությունս չէր հերիքում զանգել կամ գրել։ Գիտեի, որ շաբաթ կամ կիրակի օրերին այստեղ են գալիս, որոշեցի Եռաբլուր գալ, որովհետև իրական ծանոթությունն ավելի հեշտ է, քան հեռախոսով կամ սոցիալական ցանցերով գրելով։ Այս տարիների ընթացքում Ադամի ծնողներն ինձ համար դարձել են հարազատ մարդիկ՝ իմ ընտանիքի անդամների նման են։ Անկախ ամեն ինչից, ես մոլորակի որ ծայրում կգտնվեմ, ինչ վիճակում կլինեմ, միևնույն է, գոնե Ադամի ծննդյան օրն այստեղ պետք է լինեմ․․․
Անկեղծ ասած՝ վերջին պատերազմից հետո մի տեսակ մեղքի զգացողություն ունեմ տղաների նկատմամբ, որովհետև իրենք զոհվեցին՝ կարծելով, որ հաղթել են, քանի որ իրականությունն այլ է, տարօրինակ զգացողություն կա, և այդ զգացողությունն այստեղ ավելի է խորանում։ Ես վստահ եմ, որ մի օր այս թմբիրից դուրս կգանք և ի վերջո արժանի կլինենք այստեղ գտնվելու։
Ադամին ուզում եմ շնորհավորել երկնային ծննդյան կապակցությամբ ու վստահեցնել, որ մենք կունենանք այն Հայաստանը, հանուն որի ինքն իր կյանքը տվեց»։
Ադամի շիրմին ծաղիկներ խոնարհեցին նաև 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Պողոսյանի ծնողները։ Գագիկի մայրը՝ Լիլիթ Վարդանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Գագիկն ու Ադամը մանկության ընկերներ էին։ Գագիկը սովորել և 2016 թվականին ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և սեփական դիմումի համաձայն՝ ծառայության էր անցել Արցախում՝ Ջաբրայիլում․
«Գագիկս Ջաբրայիլ հասավ հենց Ադամի զոհվելուց հետո, միակ նպատակը՝ Ադամի ու մեր տղաների վրեժը լուծելն էր։ Ինչ-որ չափով ինքն իր վրեժը կատարեց։ Ցավոք սրտի, մեր երեխեքն այսօր մեզ հետ չեն, իրենք գնացին իրենց գաղափարների հետևից, իրենք հաղթած գնացին․․․
Հավերժ փառք մեր Ադամին, լույսերի մեջ լինի, երկնային ծնունդը շնորհավոր լինի, հիմա իրենք ընկերներով իրար հետ են․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում