«Մեր երկրի բնակչությունն իր իսկ փողերով պահելու է ադրբեջանցիների անվտանգությունը». Փաշինյանի հանձնարարականի անվտանգային ռիսկերը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանձնարարել էր ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

Ի դեպ, փորձագիտական տարբեր շրջանակներ այս հանձնարարականի նախերգանքն էին համարում դեռ հուլիսի 1-ին, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ՝ երկու հարևան երկրների սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու ձեռք բերված պայմանավորվածությունը:

Կարդացեք նաև

Այսպիսով, շրջանառվող նախագծով նոր անցակետեր են նախատեսվում Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Ուշագրավ է, որ այսկերպ ադրբեջանցիները հնարավորություն  են ստանում  անցնել այն բոլոր հատվածներով, որոնց նկատմամբ նկրտումներ ունեն:

Փաշինյանի հանձնարարականի՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին վերաբերող մասն ապահովել է Պետական եկամուտների կոմիտեն՝  շրջանառության մեջ դնելով նախագծեր, որոնցով նշված անցակետերում կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներ և կստեղծվեն մաքսակետեր։

Միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ նման որոշումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի ինչ-որ համաձայնություն:

«Որովհետև եթե ինչ-որ երկրի քաղաքացիների թողնում ես քո երկիր, ապա նմանատիպ հնարավորություններ նաև քո երկրի քաղաքացիների համար պետք է բացվեն: Այդ կետերը ծառայելո՞ւ են արդյոք Հայաստանից Ադրբեջան (տեսականորեն) գնալ ցանկացողների համար, թե՞ սա հայկական կողմի հերթական միակողմանի զիջումն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Արմեն Մանվելյանը, այդուհանդերձ, հակված է այն տարբերակին, որ սա իրականում ՀՀ իշխանությունների հերթական զիջումն է՝ «կարճ խելքով՝ բարի կամքի դրսևորումը», որը լրջագույն հետևանքներ է ունենալու:

«Բացի այն, որ ինչ-որ սահման պետք է բացվի, նաև պետք է այդտեղով ապահովի մեր հարևան թշնամի երկրների քաղաքացիների անցումը: Ինչպե՞ս է ճանապարհի ողջ գծով ապահովվելու Ադրբեջանի տվյալ քաղաքացու մեքենայի անցի անվտանգությունը: Ամեն մեքենային ուղեկցելու է ԱԱԾ-ի մի աշխատակի՞ց: Սրա մեջ շատ լուրջ պրովոկացիա կա. օրինակ, Ադրբեջանի քաղաքացին հատում է սահմանը, ճանապարհին ինչ-որ հարձակում է լինում (ենթադրենք՝ դա արվում է կազմակերպված, կամ չկազմակերպված),  հետո՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում  է ինչ-որ պայմանավորվածությունների խախտման, իր քաղաքացիներին վնասելու մեջ: Այս սցենարը հնարավոր սցենարներից մեկն է»,- նկատեց նա:

Միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետը շեշտեց՝ տրամաբանական չէ նման քայլի  իրականացումը:

«Մենք հայտնվում ենք մի տարօրինակ իրավիճակում, երբ երկրի բնակչությունն իր իսկ փողերով պահելու է ադրբեջանցիների անվտանգությունը, երբ գործող իշխանությունների՝ Հայաստանը սպասարկող պետության վերածելու երազանքը վերջնականապես իրականացվում է, և որպես սպասարկման առաջին քայլ՝ այդ գործին լծվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որոնք դառնում են ադրբեջանցիների տարանցմանն աջակցելու ինչ-որ մարմին»,– եզրափակեց Արմեն Մանվելյանը:

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն այս որոշումների նախագծերը Նիկոլ Փաշինյանի հայտնի հանձնարարականի տրամաբանական շարունակությունն է համարում, սակայն դրանց հնարավոր իրագործման դեպքում՝ սպասվող տնտեսական հետևանքներին անդրադառնալը վաղ է համարում:

«Եթե խոսվում է «խաղաղության դարաշրջանի» մասին, հետևաբար, ակնկալվում է, որ մենք նաև պետք է ունենանք տնտեսական հարբերություններ, ինչին խիստ կասկածում եմ: Համեմատության համար  հիշեցնեմ, որ նույն Գյումրու մաքսատունը, որի համար անիմաստ ձևով պետական բյուջեից ծախսեցին 20 միլիոն դոլար, այժմ չի ծառայում իր բուն նպատակին: Թեև ունեցել եմ ենթադրություն, որ դրա հեռահար նպատակը Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուց հետո որպես արտաքին տնտեսական գործունեությունը սպասարկող մարմին ծառայելը պետք է լիներ»:

Հայկ Ֆարմանյանը նկատեց՝ տնտեսական համատեքստը քննարկելու համար չկան ելակետային տվյալներ՝ ինչ ապրանքների ներմուծում ու արտահանում է նախատեսվում, Հայաստանում կա՞ ադրբեջանական ապրանքների պահանջարկ, կամ Ադրբեջանում՝ հայկական ապրանքների պահանջարկ:

«Կա՞ որևէ հայ, որ ցանկանում է ադրբեջանական ապրանք գնել, Ադրբեջանը պատրա՞ստ է ընդունել ՀՀ քաղաքացիներին, հայկական ապրանքներ ձեռք բերել. այս ինֆորմացիայի վերաբերյալ չկա որևէ պաշտոնական տեղեկություն: Կամ՝ գուցե իրենք գիտեն ինչ-որ բան, որ մենք չգիտենք:

«Խաղաղության դարաշրջանի» բացման հետ մեկտեղ՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որով կհամարենք՝ կարող ենք ապրանքներ արտահանել կամ ներմուծել այդ ուղղությամբ: Այս համատեքստում էլ ուզում եմ հիշել Գորիս-Կապան ճանապարհի մասին, որի մի հատվածն անցավ ադրբեջանական հսկողության տակ, իսկ հայկական կողմը հայտարարեց, թե հայելային կերպով տեղադրելու է մաքսակետեր, ինչը ծիծաղ էր առաջացնում. այսինքն՝ այդ մաքսակետը տեղադրում եք, որ ի՞նչ անեք, ո՞վ է օգտվելու այդ ճանապարհից»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս